ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ. «Հայաստան» դաշինք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։
Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն արժևորելու, մեր բացթողումները խմբագրելու և համազգային կամքով արժանապատիվ ապագա կառուցելու նպատակին։ Ավաղ, վերջին երեք տարիները և, հատկապես, 44-օրյա պատերազմը ոչ միայն խաթարեցին մեր պետականության ընթացքը, այլև անդառնալի մարդկային, ազգային-պետական կորուստների մատնեցին մեր հասարակությանը՝ երկիրը կանգնեցնելով անորոշ ապագայի առջև։
Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին  և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը։
 Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը։
Համոզված ենք, որ Անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։
 «Հայաստան» դաշինքը, միաժամանակ, հայտարարում, որ իր քաղաքական ողջ կարելիությունները ծառայեցնելու է մեր պետականության ամրապնդմանն ու ազգային շահերի սպասարկմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular