ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրանից երեխա չի ծնվելու. նման փաստաթուղթ ցանկացած մեկն էլ կարող է կազմել». տնտեսագետը՝ կառավարության ծրագրի մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը 70 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց կառավարության հնգամյա ծրագրին: Ծրագրի հետ կապված բնորոշումները, բացասական իմաստով, այնքան էլ տարբեր չեն: Նշվում է, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի, թվերն են մի քիչ ավելացել, ինչպես նաև մի շարք բառեր, որոնց կիրառությունը դրանք գրողները գործնականում չեն էլ պատկերացնում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կառավարության այս ծրագիրն անվանում է բարի ցանկությունների փաստաթուղթ:

«Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ: Ծրագիրը ծրագիր է այնքանով, որքանով այն վերլուծողը հասկանում է՝ դրանում ֆիքսված, ամրագրված կետերն իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե իրականություն են դառնալու՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու որակով: Այլ խոսքով ասած՝ հասարակութան մեջ ընդունված է չափելիություն, գնահատելիություն ասվածը: Սրանք գոյություն չունեն, իսկ եթե գոյություն չունեն, նշանակում է՝ համապատասխան մարդկանց կողմից, որոնք, ըստ էության, ակնհայտորեն պրոֆեսիոնալներ չեն իրենց գործի մեջ, կազմվել է թուղթ, որտեղ առաջնորդվում են «ինչ տեղի կունենա, այն տեղի կունենա» սկզբունքով: Չարժի անգամ այս ծրագրի մասին երկար խոսել և վերլուծել այն: Ես դա պայմանավորում եմ նրանով, որ անցած երեք տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ և տարբեր տեսակի մոտեցումներ են եղել, որոնցից ոչ մեկը չի կատարվել: Հիմա այս բոլորի արդյունքում ու հանրագումարում ակնկալել մի նոր մոտեցում, մի նոր տարբերակ, անշնորհակալ գործ կլինի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Ստացվում է, որ երկրի համար կարևորագույն այս փաստաթղթից որևէ ակնկալիք քաղաքացին չպետք է ունենա: «Ինչպես ասում են, Աստված տա՝ լիներ, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա բացառված է, ժողովրդական խոսքով ասած՝ «սրանից երեխա չի ծնվելու»»,-հավելում է տնտեսագետը: Կարևոր է, իհարկե, նաև այն, թե ովքեր են ծրագիրն իրականացնողները: Մատնանշում ենք նաև, որ անցնող երեք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում կիրառության մեջ են դրվել լավ գաղափարներ ու ծրագրեր, բայց հընթացս դրանք աղավաղվել և վերջնարդյունքում կա՛մ ուղղակի կյանքի չեն կոչվել, կա՛մ էլ կյանքի են կոչվել, բայց ոչ նախնական տարբերակով: «Ոչ թե կարևոր է, թե ովքեր են ծրագիր իրագործողները, այլ դա ամենակարևոր հարցն է: Առաջին գնահատականը ձևավորվում է այն արդյունքներով, ինչը մենք տեսնում ենք, շոշափում ենք: Այսօրվա՝ մինչև անգամ ոչ հաջող ուսանողը կարող է այդպիսի ծրագիր գրել: Սակայն այն ողորմելի կներկայանա, քանի որ իրագործողը չունի որևէ լծակ այն իրագործելու համար: Մենք գործ ունենք հենց նման դեպքի հետ»,- նշում է մեր զրուցակիցը:

Ծրագրի տնտեսական բլոկին անդրադառնալով՝ Բոստանջյանն ասում է. «Որևէ միջոցառում, քայլ, այսպես կոչված, «նվաճում» ո՛չ ծավալային, ո՛չ ժամանակային, ո՛չ տարածքային բացատրություն և մեկնաբանություն չունեն, այսինքն՝ գրված չէ այնպես, որ մենք ինչ-որ մի պահի համապատասխան մարդկանց հրավիրենք պատասխանատվության՝ հարցնելով, թե ծրագրում գրվածը կատարվել է, թե ոչ: Նման երևույթը նորություն չէ, մենք դրան ծանոթ ենք: Հիշում եք՝ նա մեկ անգամ ներկայացնում էր, թե 2050 թվականին ինչ պատկեր կունենանք Հայաստանում: Սա այդ նույն խաղերից է»,-ընդգծում է տնտեսագետը:

Շատերը կարծիք են հայտնում, որ թվերի առատությունը և նորաոճ բառերը կարող են խաբկանք առաջացնել քաղաքացու մոտ:«Խաբկանք կարող է առաջանալ այն հանգամանքով պայմանավորված, որ, որքան էլ դժվար իրավիճակում հայտնված լինի հասարակությունը, մարդ արարածը չի կարող չաշխատել: Այդ աշխատանքի արդյունքում, այո, գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ կունենանք որոշակի արդյունքներ, բայց սա չի նշանակում, որ դա կառավարիչների, որոշում ընդունողների առաքինությունն է: Դա պարզապես աշխատանք է, որ չանել հնարավոր չէ: Նման պարզ օրինակ բերեմ. նկարիչը ստեղծագործելու է, անկախ նրանից, թե երկիրը սոցիալական ու տնտեսական ինչ վիճակում է, որևէ մեկը չի կարող ասել՝ այդ ես արեցի, որ նա նկարեց: Նույնն էլ տնտեսության մեջ է: Մարդն իր պահանջմունքները բավարարելու համար պարտադրված է որոշ քայլեր անել, և դրանով ձևավորվող արդյունքը երբևիցե չի կարելի վերագրել ինչ-որ մեկի քայլերին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular