ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական հանձնաժողովները ձևավորվեցին․ իշխանությանը բարդ քննություն է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ձևավորվեցին մշտական հանձնաժողովները։ Ընդդիմությունն ու իշխանությունը իրենց ներկայացուցիչներին գործուղել են 12 մշտական հանձնաժողովներ։ Որոշ հանձնաժողովներում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն ամենակարևոր հանձնաժողովներում բարդ քննություն է սպասվում։ Առողջապահության հարցերի հանձնաժողովում օրինակ, վեց պատգամավոր է ընդգրկված՝ հինգը իշխանությունից, և Արմեն Չարչյանը՝ «Հայաստան» դաշինքից։ Վերջինիս, հիշեցնենք, օրեր առաջ կալանավորել են։ Նույն վիճակն է նաև եվրաինտեգրման հանձնաժողովում, որտեղ ընդդիմությունից ներկայացված է միայն Դավիթ Սեդրակյանը՝ Մհեր Սեդրակյանի որդին։ Ընդդիմությունն ամենից շատը ներկայացված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (երեքը՝ «Հայաստան» դաշինքից, և Հայկ Մամիջանյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից), Պետաիրավական հարցերի հանձնաժողովում (երեքը՝ «Հայաստան» դաշինքից, և Աննա Մկրտչյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից)։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեքը «Հայաստան» դաշինքից են, և Տարոն Մարգարյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից։

Մարդու իրավունքների հանձնաժողովում ութ անդամներից երեքը ընդդիմության ներկայացուցիչներ են։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, որի ղեկավարը նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանն է, ընդդիմությունից ընդգրկված է նաև Անդրանիկ Թևանյանը, իսկ իշխանությունը հինգ անդամ է գործուղել, այդ թվում՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին։

Իշխանության համար ամենաբարդ հանձնաժողովը լինելու է պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ իշխանության յոթ ներկայացուցիչներին դիմակայելու են ընդդիմության չորս ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, որը իր հետ հանձնաժողով է տարել վերջին օրերի ամենաակտիվ կռվարարներին՝ Վահագն Ալեքսանյանին, Վիլեն Գաբրիելյանին, «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանին։ Այս հանձնաժողովում է նաև գեներալ Գագիկ Մելքոնյանը։ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանին։ Ընդգրկված են նաև նույն խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Տիգրան Աբրահամյանը։

Նարեկ Քալանթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular