ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են շեշտակի արագությամբ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակ անհաղորդ են երկրին սպասվող նոր վտանգներին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության միակ բանուգործը ամեն գնով իշխանությունը պահելն է դարձել։ Ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Արևմուտքը, այլև Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը՝ չհաշված Թուրքիային և Ադրբեջանին։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հայտարարեց, թե ԼՂ հակամարտությունը լուծված չէ, պետք է վերադառնալ Մինսկի խմբի ֆորմատին։ Մինսկի խմբի շրջանակներում հարցի կարգավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մինչ այդ, տարօրինակ զարգացումներ են ընթանում ռուս-թուրքական ճակատում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն է նախօրեին հակառուսական հայտարարություն արել, նշել, թե չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ մաս ու աջակցում է Ուկրաինայի հավակնություներին։ Իսկ Ռուսաստանն ընդհակառակը, սիրաշահում է թուրքերին, խորացնում ռազմատնտեսական համագործակցությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցերում պատասխանատու դիրքորոշում է։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այն օրինակն են, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ` ի դեմս Թուրքիայի, հնարավոր է և պետք է գործընկերական հարաբերություններ ունենալ», - ասել է նա և հավելել, թե ՆԱՏՕ անդամ Թուրքիան, չնայած Հյուսիսատլանտյան դաշինքում տիրող անվիճելի կարգապահությանը և ուղղահայաց հարաբերություններին, որոնցում առաջնորդի դերում Միացյալ Նահանգներն է, կարողանում է պահպանել իր ինքնիշխանությունը և որդեգրել պատասխանատու դիրքորոշում տարածաշրջանային անվտանգության հարցերում։

Ըստ էության, Ռուսաստանը փորձում է այլոց, ու առաջին հերթին Հայաստանի հաշվին սիրաշահել Թուրքիային, պոկել նրան ՆԱՏՕ-ից, խորացնել քաղաքական ու տնտեսական կապերը, իսկ Թուրքիան էլ, իրեն բնորոշ կերպով սեթևեթում և նոր զիջումներ է կորզում։ Թե ինչ վտանգներ է այդ հանգամանքը պարունակում Հայաստանի համար, դեռ վաղ է ասել։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ մեր շահերը առաջ մղելու համար, բայց որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում։

Տարոն Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular