ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպի ոստիկանապետություն՝ մեծ-մեծ քայլերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին Աջափնյակում՝ ֆիզիկայի գիտավանի տարածքում ծավալվող իրադարձությունները, ոստիկանական ահաբեկումներն ու իշխանության վարքը սարսափեցրել են նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպաններին։ 2018-ին «Ոստիկանը մերն է» կարգախոսով իշխանության եկած քաղաքական ուժը այսօր բառացիորեն ծեծում, հետապնդում և ահաբեկում է իր ընտրողներին։ Գազազած կարմիրբերետավորները անխնա հարվածներ են հասցրել տարածքի բնակիչներին, ոտքով հարվածել 16-ամյա դեռահասի որովայնին, մեկ տասնյակից ավելի մարդկանց բերման ենթարկել, նվաստացումների ենթարկել ոստիկանական բաժիններում։ Իրավապահների դաժանությունները դատապարտել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անգամ այն իրավապաշտպանները, որոնք իշխանափոխությունից հետո չէին նկատում Փաշինյանի իշխանության արագ վերափոխումը։ Արձանագրում են, որ նույնիսկ նախկինների օրոք ոստիկանությունն այսքան լպիրշ և վայրենի վարք չի դրսևորել, ինչ դրսևորում է Աջափնյակում։ Ապշահար ակտիվիստներն չեն կարողանում բացատրել այս փաստը։ Իսկ Փաշինյանի իշխանությունն այսօր մեծ քայլերով գնում է դեպի ոստիկանապետություն՝ իր վատագույն ավանդույթներով։ Եվ դա լիովին բացատրելի է Փաշինյանի տեսանկյունից։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի ու նրա թիմի առջև կանգնած է լրջագույն մարտահրավեր՝ «բարդ, սուր և զգայուն հարցերը» կարգավորելու առումով։ Գործող իշխանությանը պարտադրելու են խաղաղության պայմանագիր՝ հնարավոր ամենավատ տարբերակով, ինչը կարող է լուրջ խորումների, բախումների պատճառ դառնալ։ Ժողովրդին ահաբեկելով՝ իշխանությունը այսօրվանից փորձում է կանխել իր վերահաս վախճանը, գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Իսկ նման զարգացումների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ ոստիկանական մահակը։ Եվ հենց դա էլ փորձարկում են սեփական ժողովրդի դեմ։ Ցավոք, ոստիկաններն ու իրավապահ այլ համակարգերը երկրին ու պետությանը ծառայելու փոխարեն, դարձել են Նիկոլ Փաշինյանի խամաճիկն ու Հայաստանի Հանրապետության դահիճը։

Արշակ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular