ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… սոխ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոխի առաջացման պատմությունը կորած է ժամանակի մշուշի մեջ: Ենթադրվում է, որ սոխը մարդը «ընտելացրել» է  առնվազն 4 հազար տարի առաջ: Դա տեղի է ունեցել ինչ-որ տեղ Ասիայում, ամենայն հավանականությամբ, ժամանակակից Իրանի կամ Աֆղանստանի տարածքում: Անգամ Հին եգիպտական ​​փարավոնների բուրգերի պատերին են հայտնաբերվել գլուխ սոխի պատկերներ: Այդ բույսը հիշատակվում է հին շումերների սեպագիր արձանագրություններում և Աստվածաշնչում: Հին Հռոմում այն ​​աճեցվել է հատուկ մասնագիտացված մարդկանց կողմից հատուկ տարածքներում և օգտագործվել է բանակի կարիքների համար: Արդեն այդ ժամանակ մարդկությունը քաջատեղյակ է եղել սոխի բուժիչ հատկություններին: Այն համարվել է համընդհանուր բուժիչ միջոց, և ժամանակակից բժշկությունը դա չի հերքում: Սոխ ուտելը շատ օգտակար է աթերոսկլերոզի և սրտի հիվանդությունների համար, հատկապես, եթե սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր: Այդ բանջարեղենում առկա նյութերը ճնշում են խոլեստերինի սինթեզը և դրանով իսկ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Պարբերաբար սոխ օգտագործելը կարող է կանխել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը: Բացի այդ, սոխը հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, ճնշում է վնասակար մանրէների բազմացումը և գերազանց կանխարգելիչ միջոց է գրիպի, հարբուխի և մրսածության ժամանակ: Այն նաև օգտակար է հազի ժամանակ. դրա համար խորհուրդ է տրվում ուտել կաթով խաշած սոխ:

Ուստի իզուր չէ, որ Ռուսաստանում մի ժամանակ ասում էին. «Սոխն օգնում է յոթ հիվանդությունների դեպքում»: Այնուամենայնիվ, պետք չէ շատ տարվել սոխով: Ամեն ինչ լավ է, բայց եթե օգտագործվում է չափավոր: Բժշկական գիտությունների ակադեմիայի Մոսկվայի սննդի ինստիտուտի մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր մարդու հմար սոխի օպտիմալ սպառումը տարեկան 7-10 կիլոգրամ է: Այն չպետք է չարաշահվի նրանց կողմից, ովքեր ունեն երիկամների, լյարդի և ստամոքսի ծանր հիվանդություններ, օրինակ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր: Այդ դեպքերում սոխը պարզապես հակացուցված է: 

Հնում մարդիկ հավատում էին, որ սոխը ունի ոչ միայն բուժիչ, այլ նաև կախարդական հատկություններ: Հին Հռոմում կարծում էին, որ եթե սնունդը շատ սոխ է պարունակում, ապա այն էներգիա, քաջություն և ուժ է տալիս, ուստի լեգեոներները պետք է սոխ օգտագործեն: 10-ից 12-րդ դարերում գլուխ սոխը կազմել է Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հասարակ բնակչության սննդի հիմնական մասը: Այն ամեն օր սպառվել է այնպես, ինչպես հիմա սպառվում է կարտոֆիլն ու կաղամբը: Ռուսաստանում սոխը հայտնվել է 12-ից 13-րդ դարերում, և այդ ժամանակից ի վեր գրեթե ոչ մի կերակուր առանց դրա չի պատրաստվում։ Բացի գլուխ սոխից, գոյություն ունեն սոխ-շնիտտը, սոխ-շարլոտը, սոխ-պորիեն, բատունը, սլիզունը և շատ այլ սոխի տարատեսակներ։ 

                                              Սոխ - բանջարեղենի նկարագրություն: Առողջության օգուտներն ու վնասները:

Սոխը նաև համարվում է սրբազան բույս: Հին Հունաստանում սոխի գեղեցիկ գլուխները նվեր են մատուցել աստվածներին, իսկ հին եգիպտացիները իրենց անմեղությունը ապացուցելու համար երդվել են սոխի վրա: Հին գիտնականները սոխի կտրած գլուխը օգտագործել են որպես դիդակտիկ նյութ աստղագիտության ուսուցման ժամանակ: Նրանք հավատում էին, որ Երկիրը ծածկված է մի քանի թաղանթներով, ինչպես սոխը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular