ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպե՞ս է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը գրեթե ադրբեջանական զորքերի քթի տակ է հայտնվել։ Այն բանից հետո, երբ մայիսի 12-ին հակառակորդն իր դիրքերն առաջ տվեց գյուղի ուղղությամբ և ներխուժեց Հայաստանի տարածք, Կութը հայտնվեց ուղղակի նշանառության տակ։ Ադրբեջանական ԶՈւ-ն տեղակայվել է գյուղի մոտակա լեռան գագաթին։

Գյուղապետարանի շենքից մինչև գագաթ հեռավորությունն ուղիղ գծով մոտ 6 կմ է։ Ընդ որում, հարկ է նշել, որ նույն բարձունքում դիրքավորված են նաև հայ զինծառայողները՝ հակառակորդի դիրքերից բառացիորեն 30-40 մետր հեռավորության վրա։

Պաշտպանության նախարարության կազմակերպած մամուլի տուրի շրջանակում գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը լրագրողներին ասաց, որ վերջին դեպքերից հետո, անշուշտ, բնակիչների շրջանում որոշակի անհանգստություն կա, բայց խուճապ չկա:

«Մեր գյուղում 170 մարդ է ապրում։ Մինչ օրս ոչ ոք չի հեռացել Կութից։ Բոլորը մնում են այստեղ և չեն պատրաստվում լքել գյուղը։ Չնայած հասկանալի տագնապին՝ մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորները մեզ պաշտպանում են», - ասաց Չիտչյանը։


Կութի բնակիչներն անասնապահությամբ են զբաղվում։ Դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում։ Հարթավայրային տարածքները թույլ են տալիս զբաղվել դրանով։

«Վարելահողերը գտնվում են ներքևում՝ հակառակորդի դիրքերից զգալի հեռավորության վրա։ Բայց արոտավայրերի խնդիրը մնում է։ Թշնամին փաստացի մեր արոտավայրերի վրա է նստել։ Խոտհունձը դեռ չի սկսվել ու դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու», – ավելացրեց Կութի ղեկավարը։
Նա նաև մեկնաբանեց հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպը, երբ հակառակորդը  խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր էր առևանգել:

Նրա խոսքով՝ հակառակորդը կրակ է բացել նախրապանի ուղղությամբ, ինչի հետևանքով նրա տակի ձին սպանվել է։ Նախրապանը փախել է, իսկ կովերը կրակոցների ձայներից վախեցել ու տարբեր կողմեր են վազել։

«Արդյունքում թշնամին 81 կով էր քշել–տարել, հաջորդ օրը մի կով փախել ու վերադարձել էր «տուն»», - ծիծաղելով ասաց Չիթչյանը։
Գյուղապետը հույս ունի, որ եթե չհաջողվի վերադարձնել կենդանիներին, կառավարությունը կփոխհատուցի գյուղացիների անասունների կորուստը։ Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular