ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվար–մայիսին Հայաստանից շուրջ 90 000 մարդ է հեռացել. քանի՞ տոկոսը չի վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ–ի հունվար– մայիս ամիսներին Հայաստանից մեկնող ու ժամանող ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 88 854 մարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, միգրացիայի հարցերի փորձագետ Գագիկ Եգանյանը` հավելով, որ սա Հայաստանի համար վերջին 25 տարիներին գրանցված հակառեկորդային ցուցանիշ է։

«Պատճառները պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել խորացված հետազոտություն պարզելու համար` ինչն ինչոց է։ Բայց մի բան ակներև է, որ խիստ մեծացել են արտագաղթելու տրամադրությունները։ Այսպիսի պատկեր մենք առնվազն 25 տարի չենք ունեցել»,– ասաց նա։

Այսպես, 2021թ.- ի հունվար-մարտին, պաշտոնական տվյալներով, ՀՀ-ից անվերադարձ մեկնել է 63 713 ՀՀ քաղաքացի։ Ապրիլին այս ցուցանիշն ավելացել է ևս 16 827–ով, մայիսին` 8 314–ով: Այսպիսով, տարվա առաջին 5 ամիսների ուղևորահոսքերի բացասական սալդոն արդեն մոտեցել է 90 000–ի, ավելի կոնկրետ` 88 854։

«Նախկինում տարվա այս ամիսների բացասական ցուցանիշը տատանվում էր 30-40 հազարի շրջանակում, բայց ուղևորահոսքերի ընդհանուր ծավաներն այդ 4-5 ամիսներին կազմում էր 2-3 մլն։ Այսինքն` մենք «կորցնում» էինք ուղևորահոսքի ընդամենը 2 տոկոսը։ Հիմա այդ թիվը բազմապատիկ անգամ է ավելացել։ Հիմա ուղևորահոսքը կազմել է 368 000, որից շուրջ 90 000–ը չի վերադարձել, այսինքն` 25 տոկոսը։ Եթե նախկինում ամեն 30-40 ուղևորից մեկը չէր վերադառնում, հիմա` ամեն 4 ուղևորից մեկը»,– ասաց Եգանյանը։

Փորձագետի դիտարկմամբ` այս ցուցանիշը վկայում է հանրության մեջ առկա բացասական տրամադրությունների մասին` պատերազմ, տեղահանություն, սոցիալական ծանր վիճակ, ապագայի նկատմամբ անվստահություն և այլն։

«Թերևս նկատելի է, որ սա միայն աշխատանքային միգրացիա չէ, որովհետև ոչ մի տարի նմանատիպ մեծություն չի եղել։ Անշուշտ սրան ավելացել են նաև ԼՂ–ից տեղահանված անձինք։ Նրանց մի մասը փորձում է իր ճակատագիրը ոչ միայն Հայաստանում գտնել, այլև ՌԴ–ում»,– ասաց Եգանյանը։

Մասնագետը նաև հիշեցնում է, որ այս ուղևորահոսքերի հիմնական ուղին առայժմ օդային ճանապարհն է։ Մինչդեռ, երբ բացվեն նաև ցամաքային ճանապարհները այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ հեռացածների շարքում նաև աշխատանքային միգրանտներն են, որոնք սահմանները բացվելուն պես մեկնում են արտագնա աշխատանքի, հետևաբար աշխատանքային սեզոնի ավարտին հնարավոր է, որ նրանց մի մասը կվերադառնա հայրենիք։ Բայց թե գնացածների քանի տոկոսը կվերադառնա, Գագիկ Եգանյանը դժվարացավ ասել` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է լուրջ հետազոտություն իրականացնել։

«Բայց եթե ուղևորահոսքերի մնացորդը բացասական է, ապա կարող ենք ասել, որ բնակչության շրջանում գերիշխում է արտագաղթելու տրամադրությունը։ Եվ այս սալդոն որքան մեծանում է, նշանակում է, որ արտագաղթելու տրամադրությունները շատ ավելի են մեծանում»,– նշեց Եգանյանը։

Միգրացիայի վիճակագրության հաշվարկում երկրից հեռացած ամեն ուղևոր դեռևս միգրանտ չի համարվում։ Միգրանտը առնվազն 3 ամիս այլ վայրում բնակություն հաստատող անձն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular