ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանության այդ ներկայացուցչին հուշեք, որ նշված տղաները, իրենց նման, ծովափնյա հանգստի չեն մեկնել, որոշ դեպքերում՝ նաև Բաքու… նրանք գերեվարվել են». Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Լենա Նազարյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ ոչ միայն՝ քաղաքական տհասության, այլև՝ մասնագիտական գիտելիքների պակասի արդյունք է։

«Այս իշխանության ներկայացուցիչներին հուշեք, որ միջազգային պայմանագրերը ստորագրում են ոչ թե քաղաքացիները, այլ ստորագրում է պետությունը։ Եվ մի պետությունը հանձնառում է այդ պայմանագրի կողմին, որ կհարգի այն իրավունքները, որի շահառուն քաղաքացիներն են։ Եվ եթե ինչ-ինչ պատճառներով պետություններից մեկը անբարեխիղճ է գործում, պայմանագիր ստորագրած պետությունն է պարտավոր հասկացնել մյուս պետությանը, որ գործի իր ստանձնած պարտավորություններին համահունչ։ Սա՝ իրավական կողմը, եթե նման գիտելիքների պակաս ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ցանկացած քաղաքացի գտնվում է պետության պաշտպանության ներքո, և ավելի ուժեղացված է այն անձանց պաշտպանությունը, որոնք հարկադրանքի ուժով են հանուն պետության գործողություններ կատարել։

«Իշխանության այդ ներկայացուցչին հուշեք, որ նշված տղաները, իրենց նման, ծովափնյա հանգստի չեն մեկնել, որոշ դեպքերում՝ նաև Բաքու, և այդ հանգամանքի շրջանակում չէ, որ նրանք գերեվարվել են։ Նրանք հայրենիքի հանդեպ պարտականությունը կատարելիս են գերեվարվել, և այդ տղաների կյանքի, առողջության պատասխանատուն ոչ միայն Ադրբեջանն է, այլև՝ հավասարապես պատասխանատվություն է  կրում Հայաստանը։ Ի վերջո, միջազգային փորձն էլ վկայում է, այդ միջպետական հարցերը բացառապես լուծվել են պետությունների մակարդակով։ Այլ հարց է, որ բարեբախտաբար հիմա կա նաև մարդու իրավունքների մեխանիզմներ, և անտեր պետությունների պարագայում այդ հարցը փորձում են լուծել նաև անհատները, բայց դասական առումով խնդիրը եղել և մնում է պետությունների պատասխանատվության տիրույթում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե ներկայիս իշխանություններն իսկապես իշխանության կրողն են, ապա ՀՀ քաղաքացիների սոցիալական, տնտեսական, անվտանգային խնդիրներն իրենք պետք է լուծեն։

«Եթե իշխանության կրողները պատրաստ չեն քաղաքացիների խնդիրները լուծել, այդ թվում՝ անվտանգային, ապա այդ դեպքում թող բարի լինեն իջնել իրենց աթոռներից և դադարեն հարկատուների հաշվին ստանալ պարգևավճարներ։ Եթե իրենք հասցեատեր չեն համարվում այդ կարևոր հանրային խնդիրների, թող բացատրեն՝ ինչո՞ւ են մեր հարկային միջոցներն ուղղում իրենց ընտանիքների բարեկեցությանը, այլ ոչ թե երկրի համար կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրների լուծմանը»,- նշեց Ս. Սահակյանը և հիշեցրեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը, շեշտելով, որ սա ևս վկայում է, որ խնդիրը միջպետական հարթության է, այլ ոչ թե անհատական, մասնավոր։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցում  հայտարարություն էր արել, թե գերիների հարցերով պետք է զբաղվեն և  Ադրբեջանից նրանց պահանջի հանրությունը՝ լրագրողական, փորձագիտական, գիտական, ակադեմիական համայնքները։  Այսպիսով՝ երբ հարցազրուցավարը Լենա Նազարյանին հարցնում է, թե ինչո՞ւ գերիների հարցը չի լուծվում, Լենա Նազարյանն արձագանքում է. «Իսկ գուցե Ադրբեջանից ավելի շատ պահանջ ներկայացվի»։ Լրագրողի հարցերին, թե  ո՞վ պահանջի, ո՞վ պահանջի Ադրբեջանից,  Լենա Նազարյանն առանց վարանելու՝ պատասխանում է. «Մեր հանրությունը, իշխանության ներկայացուցիչները»։ Լրագրողի զարմացած մյուս հարցին էլ,  թե՝  մեր իշխանությանը թողած, Ադրբեջանի՞ց պահանջենք, ԱԺ փոխնախագահը ինքն է այս անգամ զարմանքով հարց ուղղում լրագրողին. «Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է պահանջել Ադրբեջանից, Լենա Նազարյանը իր պատասխանով խորհուրդ է տալիս լրագրողին. «Դուք էլ ունենք խոսք ասելու հնարավորություն, լրագրողական, փորձագիտական համայնքը, գիտական ու ակադեմիական համայնքները, ինչո՞ւ չի խոսում, հասարակական համայնքը։ Հիմա աշխարհը շատ գլոբալ է, մենք բոլոր երկրներում ունենք գործընկերներ, անդամակցում ենք այլ… Ի՞նչն է խանգարում, որ Կառավարության հետ համատեղ այդ քայլերը գործադրեն բոլորը, բոլոր հանրույթները, իհարկե, մենք ունենք լրացուցիչ աջակցության կարիք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular