ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Վերջին երեք տարիների ընթացքում  դատաիրավական համակարգը ճգնաժամի մեջ է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վերջերս գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել է, որ մինչև այս տարվա առաջին կիսամյակ ապօրինի գույքի բռնագանձման առաջին հինգ հայցերը կներկայացվեն դատարան։ Նա նշել է, որ միայն 2020 թվականին շուրջ 210 անձանց վերաբերյալ, այս պահին ևս 20-30 անձինք ավելացել են, այդքանի մասով ուսումնասիրությունների վարույթներ են իրականացվում։  Այս թեմայով զրուցել ենք  փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք կարող ենք դատարանից անաչառ քննություն ակնկալել,Նորայր Նորիկյանը պատասխանել է, որ ինքը  ծանոթ չէ այդ  հայցադիմումների բովանդակությանը և չի կարող ասել, թե ներկայացված հայցադիմումների հիմքերը, որքանով են հիմնավոր, բայց եթե պրոցեսը սկսված է, ապա ինքը  ուշադրությամբ կհետևի  գործերի քննությանը և դրա վերաբերյալ դատական ակտերի կայացմանը․ «Դա  կարևոր գործիք է այդ ուղղությամբ որոշակի արդյունքներ արձանագրելու համար, բայց վերջին երեք տարիների ընթացքում դատաիրավական համակարգում տիրող ճգնաժամը և ընդհանրապես վստահության հետ կապված խորը վերապահումները, հնարավորություն չեն տալիս արդյունավետ գնահատելու դատական իշխանության գործունեությունը, հետևաբար, քանի դեռ մենք այդ գործերի վերաբերյալ չունենք շոշափելի արդյունքներ, չեմ կարող այս պահին ասել, թե դրանք ինչպիսի ընթացք կունենան։ Նաև ցանկալի կլինի, որ դատախազությունը մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնի թույլատրելիության սահմաններում, թե ինչպիսի ընտրանքով են որոշվել այդ գործերը, մնացած 200 գործերը, որ փուլում են և երբ է նախատեսվում դրանք դատարան ներկայացնելը և հետագա քայլերի հաջորդականությունը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ընդհանրապես ընթացքն ինչպիսին է»։  

Անդրադառնալով այն հարցին, թե  ինչ է նշանակում Դատախազի այն հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ այս գործերի հետ կապված կան որոշակի խութեր,  փաստաբանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել, թե խութեր ասելով գլխավոր դատախազն ինչ նկատի ունի, բայց իրավական խութերը, որոնք կարող են խոչընդոտել այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար, թող բարի լինեին ժամանակին օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշակի կարգավորեին այն բոլոր խոչընդոտները, որոնք այսօր կան։ Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018-ի ապրիլի 23-ի դրությամբ գործող օրեսդրությունը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի մերժման և նրա հրաժարական տալու օրվա դրությամբ մեր քրեական օրենսդրությունը լիովին բավարար էր բոլոր հանցագործներին հայտնաբերելու, պատժելու և պետությանն ու հասարակությանը հասցված վնասները վերականգնելու համար։ Թող սիրուն բաժակաճառեր չասեն մեր ժողովրդին։ Ակնհայտ է, որ տապալել են կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ժամանակ էլ ինչ-որ դպրոցի տնօրեններ էին պատժվում, ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրեններ էին պատժվում  և հիմա, երբ հայտարարում են 200 և ավելի գործերի մասին, ես ուզում եմ հարցնել՝ ո՞ւր են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի, Երվանդ Զախարյանի, Տարոն Մարգարյանի, Սուրիկ Խաչատրյանի գործերը, այդ ցուցակները թող հրապարակեն և թող մեզ լոլոներ չկարդան,  թող հրապարակեն Սերժ Սարգսյանի եղբայրների և Քոչարյանի որդու գործերը։ Եվ հատիկ –հատիկ թող ցույց տան, թե ինչպես են տապալել յուրաքանչյուր այնպիսի գործ։ Գեղեցիկ գիտահետազոտական բնույթի ելույթներ ունենալ և իրավական տերմիններով խեղդել մարդկանց և ցույց տալ, թե իբր աշխատանք են կատարում, մարդիկ կոնկրետ արդյունք են ուզում, հանցագործները պատժվե՞լ են մեր երկրում․․․ոչ, մեր երկրում վխտում են հանցագործները, ընդհանրապես պատասխանատվության ինստիտուտն է ոչնչացված մեր երկրում, իսկ արդյունքն էլ այս կրիտիկական վիճակն է։»

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular