ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու առավելությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, որի պակասը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, և սա հայտնի է բոլորին։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են հետևել օրգանիզմում հեղուկի բալանսին ու օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել, սակայն հատկապես կարևոր է առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը։ Այս սովորության օգտակարության մասին շատերն են լսել, սակայն միևնույն ժամանակ շատ քչերին է հայտնի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում ամեն օր դատարկ ստամոքսին ջուր խմելու դեպքում։

Ինչպես գերմանական Focus պարբերականի հետ զրույցում նշել է բժիշկ Գյունթեր Վագները, օրը մի բաժակ ջրով սկսելու սովորությունը կարող է շատ օգտակար լինել ու բազմաթիվ դրական փոփոխությունների պատճառ դառնալ։ Առաջին հերթին այն օգնում է առավոտյան խթանել նյութափոխանակությունը՝ այդ կերպ կանխելով ճարպակալումը։ Բացի այդ, այս սովորությունը խթանում է ավշային համակարգի աշխատանքն ու մարսողական համակարգի աշխատանքը։

Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու սովորությունը կարող է նաև կարգավորել օրգանիզմում կորտիզոլ հորմոնի մակարդակն ու ամրապնդել իմունային համակարգը՝ այդ կերպ նվազեցնելով սթրեսի մակարդակն ու բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։ Ավելին՝ այն նաև ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը, ինչը շատ կարևոր է օրը ճիշտ սկսելու համար։ Բանն այն է, որ գիշերվա ընթացքում օրգանիզմը մի քանի ժամ շարունակ ջուր չի ստանում, ինչի հետևանքով մտավոր կարողությունները թուլանում են։ Սա իր հերթին թույլ չի տալիս ինչպես հարկն է կենտրոնանալ հիմնական գործերի վրա և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, սակայն անհրաժեշտ կենսական հեղուկի ընդունումը թույլ կտա կրկին խթանել գլխուղեղի աշխատանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular