ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերոնք թանկացման ժամանակ թանկացնում են, սակայն, երբ դրսում ապրանքն էժանանում է՝ մոռանում են գինն իջեցնել. Ռուբեն Հայթյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

Ապրիլի 11-ին խանութներում արևածաղկի ձեթի գինը 700 դրամի փոխարեն՝ դարձել է 1300 դրամ (1 լիտր), ինչն առաջացրել է սպառողների դժգոհությունը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ աշխարհում է բարձրացել ձեթի գինը:

«ԵԱՏՄ բոլոր երկրներում արևածաղկի ձեթը թանկացել է, թանկացման միտում այս պահին Ռուսաստանում էլ կա, և դա տեղի կունենա ոչ թե, ասենք, Վրաստանով պայմանավորված, այլ  ԵԱՏՄ անդամ երկրներում ընթացող թանկացումով»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի փոխանցմամբ էլ՝ Ռուսաստանում արևածաղկի ձեթը, 5-6 ամիս է, ինչ թանկացել է:

«Թանկացել է նաև շաքարավազը, ալյուրը: Ներկրվող ապրանքն ավելի շուտ էր թանկացել, սակայն մեզ մոտ քանի որ ավելի վաղ ներկրված ապրանքը չէր վերջացել, այդքան չէր թանկացել: Հացը երևի մի 2 ամիս առաջ սկսեց թանկանալ:  Հետաքրքիրն այն է, որ բացի գինը բարձրացնելուց, որոշ տեղեր նաև հացի քաշն էլ նվազեցրեցին»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները չեն նվազում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյան էլ շարունակելով գործընկերների խոսքը՝ ասաց. «Միջազգային շուկայում ալյուրը  թանկացել է, սակայն, եթե թանկանում է, ապա կարճ ժամանակով, բայց մերոնք թանկացման ժամանակ թանկացնում են, սակայն, երբ դրսում ապրանքն էժանանում է՝  մոռանում են գինն իջեցնել կամ աննշան են նվազեցնում»:

Հավելենք, որ Ռուսաստանում արևածաղկի ձեթի  բարձր գինը, ըստ «СовЭконе»-ի՝ կպահպանվի կամ շատ քիչ կնվազի, ու սա կապված է պահուստային տարբերակի քիչ լինելու, ինչպես նաև դեռևս 2020թ. ՌԴ-ում COVID-19-ի պատճառով արևածաղկի բերքի կրճատման հետ:

«Արևածաղկի ձեթի գինը վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ ունի ռեկորդային գին»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ի դեպ, Թբիլիսիի խանութներում բուսական յուղի 1 լիտրի արժեքը հասել է մինչև 8 լարիի` մոտ 2,5 դոլար: Բուսական յուղի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ասում են` գների կրկնակի աճը պայմանավորված է նրանով, որ արտադրողը սկսել է հումքի համար շատ վճարել: Վրաստանյան շուկայում բուսական յուղը հիմնականում ներմուծված է: Իր ազդեցությունն է թողել նաև լարիի արժեզրկումը. Վրաստանի ազգային արժույթը չի կայունանում. ԱՄՆ մեկ դոլար կարելի է ձեռք բերել 3,45 լարիով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular