ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երևույթի նեղ և լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը․ հիմա Հայաստանը մերժելու հերթն է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։

Եվ խնդիրը միայն իշխանության գալու ճանապարհին դրսևորված բացասականությունը կամ ատելությունը չէ, ինչը կարելի էր նորմալ համարել։ Նա կարող էր իշխանության գալ այդ հենքով, բայց արդեն որպես իշխանություն՝ դրսևորեր ստեղծարարություն, կառուցողականություն, արարում, և այդպես շարունակ։ Սակայն իշխանության շուրջ երեք տարիներին նա այդպես էլ չհրաժարվեց նեգատիվիզմից, մանիպուլյացիաներից, անպատասխանատու հայտարարություններից, մերժողականությունից ու դրանք մշտապես վառ պահող ատելությունից։

Փաշինյանի իշխանությունն առաջին իսկ օրից կառուցվել է ու այսօր էլ շարունակում է նախկիններին մերժելու, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասին հռչակագրային ականջահաճո ելույթների վրա, որոնք, եթե անգամ կարևոր են ու անհրաժեշտ, այդուհանդերձ չպետք է լինեն իշխանության համար առաջին գերակայությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ «մերժելով Սերժին», չմերժեց մերժումը որպես մտածողության տեսակ ու նաև քաղաքականության մեթոդ օգտագործելու սովորույթը, որն իշխանության պարագային արատավոր սովորույթ է։

Իշխանությունը՝ ի թիվս բազմաթիվ այլ առաքելությունների, պետության ու հասարակության առաջ ունի պոզիտիվ, կառուցողական պարտավորություններ, որոնք, սակայն, հնարավոր չէ իրագործել՝ որպես աշխարահայացք ու գործունեության առանցք որդեգրելով մերժողականությունը։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ հասկանալ դա, ինչի արդյունքում անցած երեք տարիներին պետական, հանրային էներգիայի առյուծի բաժինն ուղղվեց իրականում անպտուղ պայքարների, դատարկ ելույթների, «արդարության վերականգնման» անվան տակ իրականացված իրավական կամայականությունների ու ամենաթողության, ներքին թշնամիներ կերտելու ու նրանց դեմ պատերազմելու՝ պետության ու հասարակության շահի տեսանկյունից ոչինչ չտվող գործընթացների վրա։

Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սևերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, և արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսևորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երևույթի նեղ և լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular