ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երգն իրական փաստերի վրա է հիմնված». Կարեն Ասլանյանի նոր տեսահոլովակն ու գլխավոր հերոսուհու ընտրությունը

ՖՈՏՈ

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը կես տարվա դադարից հետո նորություններ է պատրաստել իր երկրպագուների համար․ Կարենը տեսահոլովակ է նկարահանվել «Քո գալով» երգի հիման վրա, որի պրեմիերան նախատեսում են փետրվարի 11-ին:

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ ինչպես իր երգերից շատերի դեպքում, «Քո գալով» երգի խոսքերի հեղինակն էլ է ինքը:

«Երաժշտության հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է: Երգի խոսքերը գրել եմ՝ հիմնվելով իրական փաստերի վրա: Առօրյա խոսակցություններից մեկում ինձ պատմեցին, որ մի տղա պատերազմում ծանր վիրավորվել էր, հայտնվել կոմայի մեջ: Տղայի սիրելին միշտ տղայի կողքին էր եղել, հավատացել, որ նա դուրս կգա կոմայից: Տղան, ի վերջո, արթնացել էր ու ասել, որ եթե սիրելին չլիներ, չէր արթնանա, սիրելին է հետ բերել իրեն: Որոշեցի ցույց տալ, որ սերը հաղթում է, պետք է իրար շատ սիրել: Ես չէի ուզում պատերազմի թեմային անդրադառնալ, ինչ պետք էր, լուռ արել եմ: Ուղղակի այս պատմությունն այնքան հուզիչ էր, որ որոշեցի լուսաբանել»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է: «Փորձել ենք ամեն ինչ նուրբ ու գեղեցիկ անել: Գլխավոր հերոսը ես եմ, հերոսուհին երգչուհի Անահիտ Գրիգորյանն է: Որոշեցի նրան ընտրել, որովհետև որպես դերասանուհի ճանաչված չէր, նոր դեմք էր՝ չնայած որպես երգչուհի արդեն ունի իր լսարանը: Թեև կարող էի, բայց չէի ուզում ընտրել ճանաչում ունեցող դերասանուհու: Իմ ընկերներից Մամիկոն Խուրշուդյանը, բլոգեր Գևորգ Գասպարյանը, դերասան Անդրանիկ Մութաֆյանն օգնել են նկարահանումների ընթացքում,- ասաց նա և հավելեց, որ ամբողջ պատերազմի մասին չէ, ավելի շատ սիրո մասին է,- Պատերազմական կապված տեսարանները մի քանիսն են, հիմնականում ներկայացրել ենք իրավիճակը պատերազմից հետո, բայց կռվի տեսարանները խաղալիս մեծ հոգի եմ դրել, որովհետև սա շատ ցավալի ու նուրբ թեմա է»:

Երգիչը նկատեց, որ նկարահանումների երկար դադարից հետո շուտով կներկայանա նոր աշխատանքներով: «Մոտ կես տարի դադար ունեցա: Պետք է նոր նախագիծ ու երգեր ունենայի, բայց սկսվեց պատերազմ ու ամեն ինչ հետաձգեցի: Ես խոստացել էի մինչև 2021 թվականը ոչ մի նախագծով հանդես չգալ, անգամ Ամանորի գիշերը չեմ երգել: Պահեցի խոստումս, բայց հիմա նոր աշխատանքներ ներկայացնելու ժամանակն է, հենց սիրո թեմայով էլ կսկսեմ նորություններս ներկայացնել,– ասաց նա ու հավելեց, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հետո ինքն է որոշել դադար վերցնել, որովհետև ուներ դրա կարիքը։ Այնուամենայնիվ, շեշտեց, որ շուտով կլինեն նոր նախագծեր, որոնց մասին դեռ չի ուզում խոսել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular