ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթուլը երազում էր ևս մեկ որդի ունենալ, որ նրան կրկին հերոսի անունով կոչեր, ինչպես առաջնեկին՝ Մոնթեին. ընկերը՝ զոհված Թաթուլ Հակոբյանի մասին

ՖՈՏՈ

Թաթուլը միշտ տրամադրված է եղել հայրենիքին նվիրվելուն: Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Թաթուլ Հակոբյանի ընկեր Գոռ Ոսկանյանը, ով հակառակորդի դեմ ուղղված մարտերի ընթացքում վիրավորում է ստացել:

Ընկերն ասում է, որ Թաթուլի մասին անվերջ կարելի է խոսել, բոլորին օգնության էր հասնում, ընկերասեր էր ու պատրաստ էր իր գործը թողնել միայն նրա համար, որ ընկերներին օգներ: Ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ էր, եթե ընտանիքն ինչ-որ բանի կարիք ուներ, Թաթուլն այն պատրաստ էր կյանքի գնով անել:

Գոռը պատմեց, որ մարտերի ընթացքում Թաթուլին մոտ է եղել, բայց միասին չեն եղել: Թաթուլի զոհվելու մասին նա ավելի ուշ է իմացել, քան ընտանիքը: «Ինձ չէին ասում, քանի որ ես էլ վիրավորվել էի, պատահական եմ իմացել: Դեպքը գիշերն է տեղի ունեցել, ընտանիքն առավոտյան իմացել է այդ մասին»:

«Թաթուլն ամուսնացած էր, մեկ որդի ունի՝ Մոնթեն, իր երազանքները շատ էին, բայց գլխավորն այն էր, որ ևս մեկ որդի ունենա ու կոչի նրան կրկին հերոսի անունով, ինչպես առաջնեկին՝ Մոնթեին: Ընտանիքը հիմա ծանր վիճակում է, կինն ընդհանրապես չի կարողանում խոսել»,-ասաց Գոռը:

Ընկերը պատմում է, որ Թաթուլը կենսուրախ երիտասարդ էր, միշտ պատրաստ է եղել հայրենիքին ծառայել: Իր ծառայությունն ավարտելուց հետո ասել էր՝ էլի եմ ծառայելու, իմ գործը գտել եմ. հատուկջոկատային էր:

Սա Թաթուլի մասնակցությամբ երրորդ պատերազմն էր, նա մասնակցել էր Ապրիլյան պատերազմին, Սիրիայի պատերազմին: Թաթուլն ամեն անգամ առաջնագիծ մեկնելիս՝ խոսք էր տալիս, որ հետ է գալու, բայց այս անգամ ոչինչ խոսք չէր տվել, հայրենիքի համար տխուր է գնացել:

«Ռազմաճակատում Թաթուլը ոչնչից չէր վախենում, բացի ռազմական մեքենա նստելուց, պատրաստ էր մի ամբողջ ճանապարհ ոտքով անցել, բայց մեքենա չնստել: Ստացվել է այնպես, որ այդ օրը չուզելով, բայց ստիպված նստել էր ու զոհվել հենց այդ ժամանակ»,– պատմում է ընկերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular