ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետները պետք է նստեն՝ 200-300 էջանոց զեկուցագրեր գրեն․ փորձագետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի 69 տոկոս աճի մասին 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2023 թվականին զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել (2022 թվականին՝ 32)։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։ Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտումից՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ 5, ինքնասպանության հասցնելը՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն` 4: 

«2023 թվականին արձանագրվել է զինծառայողների մահվան դեպքերի 22 դեպքով կամ 69 տոկոսով աճ (2022 թվականին՝ 32)։ Նշված ցուցանիշը պայմանավորող էական գործոն է հանդիսացել Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքը, ինչպես և աճ է գրանցվել հակառակորդի կողմից կատարված սպանությունների դեպքերի թվում (2022 թվականին՝ 14, 2023 թվականին՝ 19)։ Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող՝ նախորդ տարվա 959-ի դիմաց. նվազում է արձանագրվել 314-ով, կամ 33 տոկոսով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սա այն դեպքում, երբ իշխանությունն ամեն օր զինծառայողներին և նրանց ծնողներին համոզում է, որ «խաղաղության դարաշրջանում» ենք։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ՝ խնդիրը կախված է պաշպանական ոլորտի թերի կառավարումից. «69 տոկոս աճը սարսափելի ցուցանիշ է։ Կարծում եմ, որ պետք է առանձին-առանձին գնահատել հակառոկորդի կողմից սպանված և ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների դեպքերը։ Ցավալի է և արդարացված չէ թշնամու հարվածներից այդ քանակի զոհեր ունենալը «ոչ պատերազմական» վիճակում։ Սա կարող ենք բացատրել իրավիճակով, որի մեջ մեր պետությունը հայտնվել է, թեև, իրականում, համակարգն է վատ աշխատում։ Իսկ ոչ մարտական պայմաններում այս մարդկային ողբերգությունն իշխանության համար դառնում է վիճակագրություն։ Սա կրկնակի ցավալի է. եթե նախորդ դեպքում մխիթարվում ենք, որ մարդիկ զոհվել են հայրենիքի պաշտպանության համար, այս դեպքում կորուստներ են, որ կարող էին չլինել, եթե ունենայինք, որակյալ կառավարում։ Սա խոսում է ռազմակառավարչական բուրգի թերի գործելու մասին։ Կարևոր է պաշտոնների վերաբաշխման, բարեփոխման և ատեստավորման ընդհանուր սկզբունքը։ Կարևոր է՝ պաշտոնյան իր տեղում է, թե՞ ոչ։ ՊՆ-ում  ունեք պաշտոնյաներ, որոնք արդյունավետ չեն աշխատում, ես նրանց կասեի՝ կույրաղիքներ։ Ծառայությանն ու աշխատանքին մատերի արանքով են նայում։ Մի կողմից կառավարման, մյուս կողմից՝ առանձին պաշտոնյաների խնդիրն է։ Արդյունքում՝ տուժում է ՀՀ շարքային քաղաքացին, ով 18 տարի որդուն պահում և ուղարկում է բանակ, իսկ որդին մեքենայի շրջվելու պատճառով զոհվում ու դառնում է վիճակագրություն։ Այս թվերից հետո, իմ կարծիքով, մասնագետները պետք է նստեն՝ 200-300 էջանոց զեկուցագրեր գրեն»,- ամփոփում է փորձագետը։ Բանակում մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերն էլ, ըստ փորձագետի, զինծառայողներին լավ չբացատրելու, չսովորեցնելու, հետևանք է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular