ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ավիաընկերություններն Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո հայտնվել են «քաոսի» մեջ. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկուշաբթի օրը միջազգային ավիաընկերությունները բախվել են թռիչքների բազմաթիվ խափանումների, այն բանից հետո, երբ Իրանը հարվածեց Իսրայելին, գրում է Reuters-ը։ Ավելի քան 300 հրթիռներով և անօդաչու սարքերով Իսրայելի վրա Իրանի հարձակումը, «քաոս առաջացրեց ավիացիայում»,- նշում է գործակալությունը:

Ավելի քան մեկ տասնյակ ավիաընկերություններ վերջին երկու օրվա ընթացքում ստիպված են եղել չեղարկել թռիչքները կամ փոխել երթուղիները, այդ թվում՝ Qantas-ը, Lufthansa-ն, United Airlines-ը և Air India-ն: Ըստ թռիչքների կառավարման OPSGROUP խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Զիի՝ դա ավիափոխադրումների ամենամեծ խափանումն էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումներից հետո: «Այդ ժամանակից ի վեր մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ այդքան շատ տարբեր օդային տարածքներ այդքան արագ փակվեն, և դա քաոս է ստեղծում», - ասել է փորձագետը՝ հավելելով, որ սահմանափակումները, հավանաբար, կտևեն ևս մի քանի օր:

Սա նոր հարված է ավիացիոն ոլորտին, որը նախկինում բախվել է բազմաթիվ սահմանափակումների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունների, ինչպես և Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իրանի օդային տարածքն ավիաընկերությունների կողմից օգտագործվում է Եվրոպայի և Ասիայի միջև թռչելու համար, և այդ փոխադրողները կարող են սահմանափակվել երկու այլընտրանքային երթուղիներով՝ կա՛մ Թուրքիայով, կա՛մ Եգիպտոսով և Սաուդյան Արաբիայով, ասել է Զին:

Իսրայելը շաբաթ օրը փակել է իր օդային տարածքը, իսկ կիրակի առավոտյան՝ վերաբացել։ Հորդանանը, Իրաքը և Լիբանանը նույնպես վերսկսել են թռիչքներն իրենց օդային տարածքներով։ Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերությունները, ներառյալ Emirates Airlines-ը, Qatar Airways-ը և Etihad Airways-ը, կիրակի օրը հայտարարել են, որ կվերսկսեն իրենց գործունեությունը տարածաշրջանում՝ որոշ չվերթներ չեղարկելուց կամ փոխելուց հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular