ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի հայաթափումը, դոմինոյի էֆեկտը». Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Segodnia.ru լրատվամիջոցը բացառիկ հարցազրույց է վարել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների, Ղարաբաղում պատերազմի և Արևմուտքի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:

— Հիմնական հարցը մեկն է. ինչպե՞ս են հայերը դիմանում իրենց հողը, նախնիների գերեզմանները թշնամուն հանձնելու ամոթին,  համակերպվում իշխանությունների փաստացի անարդյունավետ քայլերի հետ։

- Իրավիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդը, ողբերգականության իմաստով եզակի է։ Աշխարհի վրա գոյություն ունեցող էթնոքաղաքական հակամարտություններից և ոչ մեկում առաջատար վերնախավերը չեն վարում այն ամենից հրաժարվելու քաղաքականություն, ինչը այդ ժողովուրդներն իրենցն են համարում: Սերբերն ու ալբանացիները չեն հրաժարվում Կոսովոյի նկատմամբ հավակնություններից, վրացիները, օսերն ու աբխազները չեն շրջում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների էջը, ռուսներն ու ճապոնացիները Հարավային Կուրիլյան կղզիներն իրենցն են համարում, հրեաներն ու արաբները շարունակում են պայքարել հանուն Երուսաղեմի ու Պաղեստինի: Եվ միայն Հայաստանում իշխող կլանն է առաջնորդվելով բացառապես իր իշխանությունը պահպանելու և աշխարհաքաղաքական հովանավորներին հաճոյանալու նպատակներով իրականացնում հայրենիքի հայաթափման քաղաքականություն։ Այսօրվա հայկական իրականությունը նման է Վայմարի Հանրապետությանը, որտեղ հուսահատված գերմանացիներն ապրում էին, իրենց իսկ խոսքով, առանց զենքի, առանց բանակի և առանց պատվի։
Այս հարցն ինձ համար շատ ավելի ցավոտ է, քան շինծու մեղադրանքներով իմ գրեթե մեկ տարվա ազատազրկումը։ Հայ ժողովրդի ամոթը համարում եմ ոչ թե պատերազմում պարտությունը (պատմության մեջ բացառապես հաղթանակած բանակներ և ազգեր չկան), այլ Փաշինյանի շարունակական վարչապետությունը, որի իշխանությունը վաղուց արդեն ոչ թե ազգային, այլ իրականում օկուպացիոն ռեժիմ է: Այն թե ինչո՞ւ է նա դեռ իշխանության ղեկին, առանձին ու շատ ցավոտ հարց է։

- Էլ ինչի՞ց է պատրաստ հրաժարվել Երևանը Բաքվի տարածքային ախորժակից ազատվելու համար։

- Եթե գայլն ուզում է քեզ ուտել, հիմարություն է ենթադրել, որ դու կարող ես փախչել հետևի ոտքից կամ դմակից զրկվելուց հետո, չնայած սա հենց այն պատմությունն է, որով Փաշինյանը անամոթաբար լվանում է հայերի ուղեղները։ Ալիևն այս հարցում ավելի անկեղծ է, նրա ախորժակը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա, որն Ադրբեջանում լկտիաբար և առանց խորամանկության անվանում են Արևմտյան Ադրբեջան։
Միակողմանի զիջումները ոչ թե խաղաղության, այլ վերջնական և գործնականում անվերապահ հանձնման ուղին է, որից հետո հայկական պետականության մնացորդների կլանումը միայն ժամանակի և համեմատաբար փոքր ֆինանսների հարց է լինելու։

Մենք հայտնվել ենք «դոմինոյի էֆեկտի» մեջ, որտեղ յուրաքանչյուր դոմինոյի անկումը հանգեցնում է հաջորդի անկմանը, և դա սկսվեց ոչ թե 44-օրյա պատերազմով, այլ 2018 թվականին Հայաստանում իշխանության հակասահմանադրական զավթմամբ: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դարձավ իրադարձությունների արյունալի շղթայի առաջին օղակը, որից հայ ժողովուրդը չի կարող փախչել։ Տակտիկապես լուծումը պարզ է, պետք է կտրել այս անկումների շղթան, պետք է հեռացնել մեկ դոմինոն, այսինքն զրկել Փաշինյանին իշխանությունից։ Սակայն գործնականում, չնայած բարենպաստ ֆոնին, դա դեռ չի հաջողվել թե՛ ընդդիմության մրցակցային ու մոբիլիզացնող առաջարկի բացակայության, թե՛ աշխարհաքաղաքական պատճառներով։

— Ի՞նչ կոնֆիգուրացիաներ կունենա Հայաստանը հյուսիսում (Տավուշ) և հարավում (Սյունիք) առանցքային հաղորդակցությունների դադարեցումից հետո։

— Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կորստից հետո մենք արդեն վերածվել ենք աշխարհաքաղաքական հաշմանդամի, և եթե ձեր նշած իրադարձությունները տեղի ունենան, ապա Հայաստանը կդառնա կոճղ, որի վրա ոչ թե պետություն է կառուցվելու, այլ ազգագրական ռեզերվ։ Քաղաքական տեսակետից Փաշինյանը և իր բանդան նպատակաուղղված զրկում են Հայաստանին ռազմավարական հնարավորություններից Հյուսիս-Հարավ կապի շղթաներում և փորձում են երկիրը շղթայել Արևմուտք-Արևելք տրամաբանությամբ, ինչը Հարավային Կովկասի իրողություններում նշանակում է շրջադարձ դեպի Պանթուրանի միջանցքի տարանցիկ կետ, որը Միջին միջանցքի սոուսի տակ ինտենսիվորեն խթանվում է Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց աշխարհաքաղաքական հովանավորների կողմից:
Գաղտնիք չէ, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքները, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, բեռնված է տարեկան ընդհանուր հզորության ընդամենը 10-15%-ով։ Հետևաբար, Թուրքիայի կողմից առաջ մղվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համաշխարհային առևտրի համար ունի նախնադարյան գլոբալ նշանակություն, դա բացառապես Թուրքիայի աշխարհաքաղաքական գործիքն է ի հակադրություն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դերի։ Այստեղից էլ Սյունիքով հաղորդակցությունների վրա վերահսկողություն սահմանելու Ռուսաստանի բացառումը, եթե դրանք բաց լինեն։

— Ո՞րն է նպատակը և ի՞նչ հիմնավորումներ ունի Ռուսաստանի հետ բացահայտ խզումը և Երևանի ամերիկամետ ուղղվածությունը։

— Կրկնում եմ, ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ Փաշինյանին իշխանության բերեցին «թավշյա հեղափոխության» անվան տակ։ Հայաստանի նախորդ ղեկավարությունը երկրի արտաքին քաղաքականությունը հմտորեն կառուցել էր հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդմամբ (ռուսական ռազմակայանի առկայությունը մինչև 2044 թվականը երկարաձգելու, ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիր և այլն):

Կարևոր է ընդգծել, որ միևնույն ժամանակ Ղարաբաղի հարցում ոչ միայն պահպանվում էին «կարմիր գծերը», այլ նաև աստիճանաբար ամրապնդվում էին հայկական բանակցային դիրքերը։ Սակայն դա չէր բավարարում գլոբալ խաղացողների, այդ թվում Ռուսաստանին, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ցանկանում էր ավելին ստանալ։ Իսկ Փաշինյանը հենց այն սև ձիուկն էր, որին օգտագործեցին խաղաքարտերը խառնելու ու հայկական քաղաքականության պղտոր ջրերում մեծ ձուկ բռնելու համար։

Հարավային Կովկասում քաղաքականության պատասխանատու ռուսական շրջանակներին թվում էր, թե կարող են օգտագործել Փաշինյանին, իսկ նա հմտորեն քնեցրեց նրանց (օրինակ, 2018-ին հայկական զորախումբ ուղարկելը Սիրիա): Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայում շատերը հույսը դրել էին Փաշինյանի վրա որպես Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների փաթեթի իրականացման երաշխավոր։ Կներեք ժարգոնի համար, բայց իր ատլանտյան շրջադարձով Փաշինյանը գցեց Մոսկվան, և դրա հետ մեկտեղ հայկական շահերը։ Դրան նաև նպաստեցին ուկրաինական հակամարտությունը, ադրբեջանական լոբբիստների դիրքերի ամրապնդումը Ռուսաստանում, ռուսական արձագանքների անհամապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ  զարգացող ճգնաժամին և Հայաստանում Փաշինյանի քարոզչամեքենայի կողմից մարդկանց ուղեղների ամբողջական լվացումը։ Ամեն դեպքում, Փաշինյանը խախտել է հենց Բիսմարկի ձևակերպած կանոնը՝ «կա՛մ պետք է արդար խաղալ ռուսների հետ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության հայեցակարգը պարզ է, Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող մեզ պաշտպանել ադրբեջանա-թուրքական ագրեսիայից և ավելի մոտ է Ալիևին ու Էրդողանին։ Հետևաբար, դա մեզ պետք չէ, և մենք ինքներս կպայմանավորվենք նրանց հետ։ Իսկ եթե Ռուսաստանը մեզ այլևս պետք չէ, ապա թողեք, որ նա գնա և նրան փոխարինի հավաքական Արևմուտքը։ Այս շղթան պարունակում է մեծ թվով խոցելի կետեր, փաստարկներ և սխալներ, որոնք աղետալի հետևանքներով են սպառնում հայ ժողովրդին։

— Արցախը հանձնվել է, հաջորդը Հայաստանի տարածքի մասերն են, Ռուսաստանի հետ հարաբերությունները սառել են մեր աչքի առաջ, Գյումրիում ռուսական ռազմակայանի լուծարման մասին ձայները գնալով ավելի բարձր են հնչում: Ի՞նչ պետք է անեն այն հայերը, ովքեր համաձայն չեն այս ամենի հետ։

- Կարևոր է ընդգծել, որ չնայած Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը՝ Արցախի հարցը փակված չէ ո՛չ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում, ո՛չ հայության ազգային ինքնության, ո՛չ էլ միջազգային իրավական առումով։

Կասկածից վեր է, որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն անխուսափելիորեն կվերադարձնի արցախյան հիմնախնդիրը ներկայիս տարածաշրջանային օրակարգ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ատլանտացմանը, ապա պետք է սթափ գնահատել իրավիճակը և փաստել, որ իրականում մեզ չեն սպասում ոչ ԵՄ-ում, ոչ ՆԱՏՕ-ում։ Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի կամ Բելառուսի, իրական եվրոպական այլընտրանք չունի։ Լոբբիի խոստումները ԵՄ-ին անդամակցելու թեկնածության տեսքով առավելագույն նշաձողն է, և այն էլ բարձրաձայնվել է բացառապես որպես վիրտուալ բլիթ:
Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը հիշեցնում է «Գահերի խաղը»՝ ռուսական արջ, եվրոպական եղնիկ, ամերիկյան վիշապ և թուրքական գայլ։ Ես ամոթով կլռեմ ներկայիս ղեկավարության օրոք բուն իմ երկրի իմիջի մասին... Այն, որ Արևմուտքը Հայաստանին պաշտպանություն է խոստանում Մոսկվայից, այլ ոչ թե Անկարա-Բաքու երկյակից, բացահայտում է այս խաղի ողջ էությունը։ Մենք տաք կաթից վառվում ենք, իսկ մեզ առաջարկում են ջրի վրա փչել։ Փաշինյանը երկրի ներսում պայքարում է հայոց պատմության, իսկ երկրից դուրս՝ աշխարհագրության դեմ: Ակնհայտ է, որ ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը չեն ներում նման սխալները, իսկ Նիկոլի արկածախնդրության ու սրբապղծության համար վճարում է ողջ հայ ժողովուրդը։

Վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունները հստակ ախտորոշել են երկրում տիրող իրավիճակը: Փաշինյանը շատ ցածր աջակցության մակարդակ ունի, բայց, ցավոք, ներկայիս ձևաչափով ընդդիմադիրների շրջանում այն ​​ավելի ցածր է։

Միաժամանակ կա պատմական հակառեկորդ Ռուսաստանի նկատմամբ վստահության հարցում։ Համեմատելով տվյալները, կարող ենք գալ այն եզրակացության, որ Փաշինյանին կարող է փոխարինել շատ ավելի կենտրոնամետ իշխանություն, որը չի վտանգի հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, որը կչեզոքացնի պետականության վրա հայտնված սպառնալիքները միաժամանակ ամրապնդելով իրականը՝ երկրի ինքնիշխանությունն ու պաշտպանունակությունը։

Պատկերավոր ասած Փաշինյանից դժգոհ ուժերի ու քաղաքացիների համար կա պատմական պահ, պարարտ հող է առաջացել, մնում է ճիշտ սերմը գտնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular