ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը պետք է չսխալվի Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը պետք է սկսի զենք վաճառել Հայաստանին` Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության դեպքում,- գրում է RAND ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետների խումբը: Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը ներկայումս քաղաքական ճգնաժամի մեջ է,- գրում է actualcomment.ru-ն։

Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան հակասում է ԱՄՆ շահերին: «Ներխուժումը կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել էներգակիրների կարևորագույն հոսքերը, որոնցից ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցներն ավելի ու ավելի են կախված, քանի որ մերժում են ռուսական մատակարարումները:

Բացի այդ, Միացյալ Նահանգները պետք է հաշվի առնի նոր պատերազմի հումանիտար հետևանքները, որի դեպքում կարող են տեղահանվել և սպանվել խաղաղ բնակիչներ, ներառյալ այն 120000-ից շատերը, ովքեր արդեն իսկ ստիպված են եղել փախչել Հայաստան` անցյալ տարի Լեռնային Ղարաբաղից»:

Առանց ԱՄՆ-ի մասնակցության այլ երկրների օգնությունը Հայաստանին բավարար չի լինի։

«Ֆրանսիան և Հնդկաստանը ներկայումս ակտիվորեն ներգրավված են Հայաստանին օգնելու գործում: Երկու երկրներն էլ պայմանագիր են ստորագրել նրան ռազմական տեխնիկա վաճառելու մասին, այդ թվում` ռադարներ, հեռադիտակներ և սենսորներ, ինչպես նաև համաձայնագիր` Հայաստանի համար հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին, որոնք կարող են հետ մղել ադրբեջանական անօդաչու սարքերի հարձակումները։

Բացի այդ, Հայաստանը վերջերս դարձել է հնդկական Pinaka բազմափողանի հրթիռային կայանների առաջին օտարերկրյա գնորդը, նաև ձեռք է բերել Zen հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այնուամենայնիվ, անվտանգության այս համաձայնագրերն առանց ԱՄՆ-ի մասնակցության` բավարար չեն ադրբեջանական հիպոթետիկ հարձակմանը լիովին հակազդելու համար»:

ԱՄՆ-ը պետք է սկսի զենք վաճառել Հայաստանին: «Օտարերկրյա ռազմական վաճառքի ծրագրով` Միացյալ Նահանգները կարող է Հայաստանին տրամադրել փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են` MANPADS-ը, ինչպես նաև TROPHY հակազդման համակարգերը, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի պաշտպանությունը բարձրացնելու համար:

Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել նաև հակադրոնների ավելի լայն համակարգեր, որոնք ներկայումս մշակման փուլում են։ Այդ ամենը կարող են լրացնել այն հնարավորությունները, որոնք Հայաստանը ներկայումս ստանում է գոյություն ունեցող գործարքների միջոցով, ինչպիսիք են` ֆրանսիական GM-200 հակադրոնային ռադարները Thales Group-ից»:

Պետքարտուղարությունը պետք է նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը: «Երևանն ու Անկարան հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում, թեև առաջընթաց չկա։ Միացյալ Նահանգները կարող է աջակցել և օգնել սկսել այդ գործընթացը, գուցե, առաջարկելով տեխնիկական աջակցություն կամ միջնորդություն:

Բացի անդրսահմանային տեղաշարժը և առևտուրը թույլ տալը, որը կխթանի տնտեսական աճը և կստեղծի դիվանագիտական ներգրավվածության լրացուցիչ հնարավորություններ, նորմալացումը ազդանշան կուղարկի Բաքվին` ստիպելով նրան մեղմել իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ»:

«Հայաստանի ազգային շահերը լավագույնս կծառայեն Ռուսաստանի հետ անվտանգության հարաբերությունները պաշտպանելու դեպքում, առանց անհարկի օտարելու Մոսկվային` ամբողջությամբ հրաժարվելով նրանից։ 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդները, որոնք խաղաղ ճանապարհով տապալեցին նախորդ առաջնորդին և իշխանության բերեցին Փաշինյանին, ձեռնպահ մնացին աշխարհաքաղաքական կտրուկ քայլերից և զերծ մնացին ցնցումներից: Երևանը մտադիր է բարդ տնտեսական, սոցիալական և ռազմավարական հարաբերություններ պահպանել իր հարևանների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի հետ, և հիմարություն կլինի ճնշում գործադրել նրանց վրա` պահանջելով ընտրություն կատարել արևմտյան կողմնորոշման կամ ոչինչի միջև: Արևմուտքը պետք է ճանաչի և ընդունի Հայաստանի բազմաուղղվածությունը և կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ նա ի վիճակի է և ցանկանում է խորացնել կապերը, ինչպես նաև բարձրացնել կայունությունը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular