Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը](/timthumb.php?src=disc/19-09-23/c760f189bc7c6ba7b066108060f19243.jpg&w=780)
Միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին, որոնք, ակնհայտորեն, ուղղված են տեղի բնակչության էթնիկ զտմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO պարբերականը նշում է, որ էթնիկ հայերին «վտանգավոր հատվածներից տարհանելու» մասին Բաքվի հայտարարությունը անմիջապես առաջացրել է էթնիկ զտման մտավախություններ։
Պարբերականը թերահավատորեն է մոտենում Ադրբեջանի այն պատճառաբանություններին, թե հարձակումը տեղի է ունեցել՝ ի պատասխան ականների վրա մեքենաների պայթեցման, որի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 6 զոհ»։
«Այնուամենայնիվ, նրանք (խմբ․՝ Ադրբեջանի կառավարությունը) ոչ մի կերպ չեն նշում, թե ինչպես են Ղարաբաղի պաշարված հայերը տեղադրել այդ զենքերը», - նշվում է հրապարակման մեջ։
POLITICO-ն նաև նշում է, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը ԵՄ-ի համար մեծ հետընթաց է։
«Կովկասում պատերազմի վերսկսման հեռանկարը ռազմավարական և դիվանագիտական մեծ հետընթաց է ԵՄ-ի համար, որը սիրաշահում է Ադրբեջանին որպես դաշնակից և գազի մատակարար՝ որպես այլընտրանք Ռուսաստանին», - նշվում է հոդվածում։
Բաքվի մեկնարկած ռազմական գործողություններին հետևում է նաև OC Media լրատվական հարթակը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև լուսանկարներով ցույց տալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները։ Լրատվական հարթակը նշում է նաև, որ ուժի կիրառումը քննադատվել է ադրբեջանական որոշ քաղաքական ակտիվիստների կողմից, որոնք, ըստ հաղորդումների, նման հրապարակումների համար կանչվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն։
Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը, հիմնականում պաշտոնական հայտարարությունների վկայակոչմամբ, անդրադարձել են տարբեր պարբերականներ և գործակալություններ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Associated Press-ը, CNN-ը, The Guardian-ը, France 24-ը, Al Jazeera-ն, ՏԱՍՍ-ը, ՌԻԱ Նովոստի-ն, Ինտերֆաքս-ը։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։