Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նամակը Շառլ Միշելին․ ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թարգմանաբար ներկայացնում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բաց նամակը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ սովն ու առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելն ինը ամիս որպես էթնիկ զտումների գործիք օգտագործելուց հետո, Ադրբեջանն այժմ սկսել է ահաբեկել և ռմբակոծել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների: Այսօր առավոտից Ադրբեջանը ծանր հրետանիով գնդակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ալիևի ռեժիմը բռնապետական, ֆաշիստական ռեժիմ է, որն օգտագործում է նույն ձեռագիրը, ինչ մյուս բռնապետերը: Ուստի անհրաժեշտ է դադարեցնել դա՝ օգտագործելով վճռական և արդյունավետ միջոցներ։ Հակառակ դեպքում, միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, որպես հիմնական բանակցող, պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և դրան ոչ համարժեք արձագանքի համար:
Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացնում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։
Միջազգային իրավունքի սկզբունքները չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելուն: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ, էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրավունքների և կյանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին և հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականությանը։
Որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա ԵՄ անդամ 14 երկրներում նրա հանձնախմբերը գնահատում են ձեր ջանքերը՝ որոնք, այս այս խիստ բարդ իրավիճակում ուղղված են միջնորդական ջանքերին: Այնուամենայնիվ, որպես ԵՄ քաղաքացիներ, մենք ակնկալում և պահանջում ենք վճռական միջոցներ՝ Ադրբեջանին զսպելու համար։ Մենք ուշադիր հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։