ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … երաժշտական գործիք ուդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուդը լարավոր-կսմիթային նվագարան է։ 


Ադ ընտանիքի նվագարանների զարգացման պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, թեև հնագույն երաժշտության հարցերով զբաղվող մասնագետները համատեղ աշխատել են միասին բացահայտելու նվագարանի անցած զարգացման ճանապարհը։ Օրինակ մեր թվարկության 1-ին դարի հելլենիստական խնջույքի տեսարան է հայտնաբերվել Աֆղանստանի տարածքում, որտեղ հարթաքանդակում պատկերված է կարճակոթ և երկլարանի ուդ նվագող երաժիշտ:

Ֆրանսիացի երաժշտագետ Ռիշար Դյումբրիլը փաստում է, որ ուդն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի և որ այդ նվագարանը խորը անցյալում տարածված է եղել Միջագետքում։ Որպես ապացույց նա հիշատակում է Միջագետքում հայտնաբերված մոտավորապես մ.թ.ա. 3100 թվականով թվագրվող գլանաձև մի կնիք, որն այսօր պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այդ կնիքի մի կողմում նկատելի է ուդանման գործիք նվագող կնոջ պատկեր։ Դյումբրիլը և այլ երաժշտագետներ նշում են, որ ուդի կամ լյուտնյայի տարատեսակները տարածված են եղել անտիկ ժամանակաշրջանում հունական պոլիսներում, Եգիպտոսում, էլամացիների ու հեթիթների երկրներում, Հին Հռոմում, Հին Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Հնդկաստանում ու Չինաստանում։ 


Ուդի տարատեսակները, որոնք տարածված են եղել Եվրոպայում և Ասիայում, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ երկար կոթ ունեցողներ և կարճ կոթ ունեցողներ։ Ըստ ուսումնասիրությունների, կարճ կոթով ուդը նախ տարածվել է Միջագետքի արևելքում, ապա Բակտրիայում և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնված Գանդհարա երկրում։ Այն ունի նշաձև իրան։ Երաժշտագետները կարծում են, որ նվագարանի այդ տարատեսակը ձևավորվել է հյուսիս-արևմտյան հնդկական մշակույթի և նրա վրա ազդած հունական մշակույթի համադրությունից, որն էլ հետագայում հասել է մինչև Չինաստան ու Ճապոնիա։ Կարճակոթ ուդի ամենահին պատկերները վերաբերում են 8-րդ դարի պարսկական կերպարվեստին և հայտնաբերվել են Սուսայում։
Մեր թվականության 224 թվականին կործանվել է Պարթևական թագավորությունը, որին փոխարինել է Սասանյան թագավորությունը։

Բակտրիան ու Գանդհարանը մտել են այդ նոր թագավորության կազմի մեջ։ Այդ ընթացքում Բակտրիայում մեծապես տարածված կարճակոթ և նշաձև իրանով նվագարանը կոչվել է բարբաթ կամ բարբուդ, որն էլ ավելի ուշ, արաբերենի ազդեցությամբ հայտնի է դարձել ուդ անվանումով։ Երբ 711 թվականին արաբները նվաճել են Անդալուզիան, նրանք այստեղ են տարել ուդը, որտեղ հայտնի էր նվագարանի մի տեսակ դեռևս հռոմեական տիրապետության ժամանակներից՝ փանդուռա անվամբ։ 8-9-րդ դարերում արաբական աշխարհի շատ երաժիշտներ են գաղթել Իբերիա (Իսպանիա)։ Նրանցից մեկն էլ Աբու-լ-Հասան Ալի իբն Նաֆին էր, որը երկար ժամանակ մտմտալուց հետո իր ուդի վրա ավելացրել է հինգերորդ լարը։ 11-րդ դարում մուսուլմանների գերիշխանության տակ հայտնված Իբերիան դարձել է նվագարանների արտադրության կենտրոն։

Այդ ապրանքատեսակները հետզհետե թափանցել են Պրովանս` ֆրանսիացի տրուբադուրների և տրուվերների շնորհիվ։ Այնտեղից էլ ավելի ուշ տարածվել են ամբողջ Եվրոպայում։ Մինչև Եվրոպայում կզարգանար լյուտնյան, ուդը եղել է որպես արաբական երաժշտության հիմնական բաղկացուցիչը: Ուդը զարգացման որոշ ճանապարհ անցնելուց հետո լայն կիրառություն է գտել նաև Օսմանյան կայսրությունում։ Հայկական միջավայրում ևս ուդը հայտնի ու տարածված է եղել վաղնջենական ժամանակներից։ Նվագարանի պատկերներ հանդիպում են միջնադարյան ձեռագրերում և տապանաքարերի վրա։
  
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular