ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն օմբուդսմենի թեկնածու չի գտնում. Ո՞վ կինքնառաջադրվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն տևական ժամանակ է՝ չի կարողանում թեկնածու գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու համար։ Փետրվարի 2-ին լրացել է առաջին տասնօրյակը, երբ Ազգային ժողովի խմբակցություններից որևէ մեկը կարող էր ներկայացնել պաշտպանի իր թեկնածուին, սակայն օրենքով նախատեսված կարգով որևէ խմբակցություն այդպես էլ չի ներկայացրել թեկնածություն։ Այժմ արդեն երկրորդ տասնօրյակում հնարավորություն ունեն ինքնառաջադրվել տարբեր իրավաբաններ, որոնք համապատասխանում են տվյալ պաշտոնի չափորոշիչներին։ 

Հիշեցնենք՝ նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը անակնկալ կերպով հրաժարական տվեց այդ պաշտոնից՝ ակնարկելով, որ նոր աշխատանքի է տեղափոխվում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քրիստինե Գրիգորյանին նշանակելու են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Թերևս Փաշինյանը պատրաստված որևէ այլ կադր չի ունեցել այդ կարևորագույն պաշտոնին առաջադրելու համար և եվրոպական կառույցների պահանջով հենց ներկայացնում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ ախորժակ ուներ Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջադրելու Սոցապ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս բավական «պատկառելի» կենսագրություն է ներկայացրել Կառավարության նախարարության կայքում, սակայն տարատեսակ սեմինարների մասին տվյալները հանելուց հետո, տակը մնում է միայն այն, որ մինչև «հեղափոխությունը», առնվազն 14 տարի, տիկինը աշխատել է հագուստի խանութի մենեջեր։ 

Լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը նրա կենսագրության մեջ անհամապատասխանություններ է գտել և Փաշինյանին հորդորել է չխախտել օրենքը և Տաթևիկ Ստեփանյանին չներկայացնել ՄԻՊ պաշտոնում։ Մի շարք ՔՊ-ականներ ևս ախորժակ ունեն օմբուսմեն դառնալու համար, սակայն թե՛ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանին, թե՛ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և ուրիշներին պարզ և հստակ բացատրել են, որ նրանք ոչ միայն իրենց հեղինակությամբ, կրթությամբ և նույնիսկ պատրաստվածությամբ չեն համապատասխանում, այլ նաև իրենց առաջադրումը կարող է ընկալվել որպես առանցքային պաշտոններից մեկը ուզուրպացնելու փորձ։ 

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ «Քաղպայմանագիրը» վերջնականապես որոշել է այդ պաշտոնի համար առաջադրել իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Նախկին պատգամավոր և Արդարադատության նախկին նախարար Զեյնալյանն առանձնապես ջերմ հարաբերություններ չունի գործող թիմի հետ, սակայն, նաև որպես ինքնուրույն և կամային գործիչ համարվել չի կարող, իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահը տևական ժամանակ դարձել է գործող «Քաղաքացիական պայմանագրի» սպասարկուներից մեկը և հաճախ է անհեթեթ իրավիճակներում հայտնվում, երբ փորձում է պաշտպանել Փաշինյանի այս կամ այն վնասակար որոշումը, ուստի և Զեյնալյանը, որը մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես բավականին պատրաստված իրավապաշտպան, ինչպես նաև լուրջ կապեր ունի եվրոպական կառույցների հետ, կարող է դառնալ օբուսմեն, իսկ այդ դեպքում Փաշինյանը հերթական առիթը կունենա առաջադրումը իր օգտին ծառայեցնելու համար։

Մուշեղ Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular