ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնի գլխավոր թեկնածուները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն եւ ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել. նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը։

Հաջորդ թեկնածուն սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մամուլը գրում էր, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում: Չի բացառվում, որ Փաշինյանը ընդառաջի վերջինիս և վերադարձնի նրան գործադիր:

Մյուս թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է: Վերջինս հայտնի է նրանով, որ 2019-ի ապրիլի 7-ին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր և պատգամավորի անունից Մայրության տոնի շնորհավորանքը կրկնօրինակել էր Արմեն Աշոտյանի նախկինում գրված շնորհավորանքից։ Պալյանի լոբբինգով կարող է զբաղվել հենց Սարուխանյանը, ով թեև Ամասիայում ՏԻՄ ընտրությունների ձախողումից հետո որոշակիորեն պասիվացել է, սակայն, ակնհայտ է, որ ամբիցիաների վրա դա առանձնապես չի ազդել:

Մյուս թեկնածուն ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է, նա հանդիսանում է ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանի բաջանաղը և ՔՊ, այսպես կոչված, քաղաքական թևից է:

Թե ի վերջո ում վրա կանգ կառնի Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ՔՊ ներսում տարբեր թևերի միջև ակտիվ պայքար է գնում այս պաշտոնում յուրայինին նշանակելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular