ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությանը մանդատներից չեն զրկի, բայց կդատեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային Ժողովը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի։

Երեկ Ազգային Ժողովի խորհրդի նիստն այդպես էլ չի կայացել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն ներկայացել։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել էր, որ չի ներկայանալու այդ նիստին, և այժմ էլ «Քաղպայմանագիրը» իր չգալով փաստացի արտահայտել է իր դիրքորոշումը, որ մտադիր չէ զրկել ընդդիմությանը մանդատներից։ Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան և իրենք ընդառաջ քայլ են անում։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցվել է, սակայն իրենք նման քաղաքական որոշում են կայացրել։ Մի կողմից փաշինյանական իշխանությունը փորձում է հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե քաղաքական լուրջ պայքար են տանում և նաև պահպանում են քաղաքական կոռեկտության սահմանները, մյուս կողմից էլ շարունակում են բռնաճնշումներն ընդդիմության նկատմամբ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդություն է ներկայացրել Ալեն Սիմոնյանին։

Դատախազությունը նշում է, որ Չարչյանը քրեական գործով որպես փորձագետ ընդգրկված է եղել Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է փորձաքննության ակնհայտ եզրակացությունը։

Գործը, նշենք՝ վերաբերում է հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, ով մահացել էր ազատազրկման ընթացքում։ Արմեն Չարչյանի դեմ իշխանությունը բազմիցս փորձել է տարբեր քրեական հոդվածներ կարել, սակայն այդպես էլ չի կարողացել, իսկ այժմ «հաց բերողի» մահը գրեթե ուղղակիորեն Չարչյանի վզին փաթաթելը ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական հարթության խնդիր է դառնում։

Փաշինյանական վարչախումբը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու և ազատազրկելու համար պատրաստ է գնալ ընդհուպ ամենաանբարոյական քայլերին՝ կեղծ հոդվածներով նրանց բերանը փակելու համար։ Թերևս այլ բան Նիկոլ Փաշինյանից և նրա սպասարկուներից սպասել չարժեր։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular