ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020թ․ հոկտեմբերի 4-5-ին Փաշինյանի և Ալիևի՝ ժողովրդին ուղղված ուղերձները. Ի՞նչ գաղտնազերծում էր արել Ալիևը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ քննարկվում են Փաշինյանի ընտանեկան թերթի «հավաստի աղբյուրների» փոխանցած Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները, այդ թվում՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ  ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ նույնիսկ ինքնավար կարգավիճակի, հարկ է հիշեցնել, որ այս պահանջները, ըստ էության, Ալիևն առաջ է քաշել դեռևս 44-օրյա պատերազմի սկզբի օրերին:

Մասնավորապես՝ 2 տարի առաջ այս օրը՝ 2020-ի հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին:

«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը.- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները.- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ դաժան մարտեր են ընթանում, և դա դժվար է անել:

«Եթե հանկարծ մենք դադարեցնենք գործողությունները, իսկ իրենք չդադարեցնե՞ն…  Ամեն դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատել: Թե չէ սպասեք, ժամանակ տվեք: Ինչի՞ համար ժամանակ տանք: Տանք ժամանակ, որ վերականգնեք ուժե՞րը: Տանք ժամանակ, որ մարդ հավաքեք և հարձակվեք մեզ վրա՞: Նրանք մեզ միամիտի տեղ են դրել: Տանք ժամանակ, որ բանակցությունների գնա՞նք: Ես ասացի ինչ պետք է, և վերջ»,- շարունակել է Ալիևը:

Ի դեպ, Ալիևը նաև որոշ գաղտնազերծումներ էր արել:

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- եզրափակել էր Ալիևը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում հանդիպում էր ունեցել։

Իսկ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանը հայտարարել էր

«Հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է, և վերջ»:

Վերադառնալով Ալիևի՝ իր ժողովրդին ուղերձին, հավելենք, որ նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 4-ին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ ճեպազրույցի ժամանակ ասել էր․ «Ալիևին սխալ են զեկուցում, նա չի տիրապետում իրավիճակին, թող մտածի իրեն հիմարացնելու կառավարման խնդիրներով»:

Իր հերթին՝ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին մարտակոչով դիմում է վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին՝  հորդորելով իրենց զինվորական հագուստները, ձմեռային բաճկոնը, եթե ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև դրանք վերցնեն և ներկայանան կենտրոնական հավաքակայան, կամ ուղարկեն:

Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ և մասնակցում հայտնի օպերացիայի մշակմանը, որին բազմիցս անդրադարձել ենք:

Ի դեպ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը 168.amի հետ զրույցում ասել էր, որ պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։

«Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը»,- նշել էր նա:

Հավելենք, որ 2020-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհվեց 27 ոստիկան:

Իսկ հոկտեմբերի 2-ին Աննա Հակոբյանն այցելել էր Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular