ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես սա չեմ համարում քաղաքական օրակարգերից շեղելու թեմա. Միքայել Մանրիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի»,– գրել էր Սարգսյանը։

Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը որևէ վատ բան չի տեսնում քաղաքապետի որոշման մեջ.

«Փաստացի, երաժշտությունը միայն վարչական շրջանների շենքերից է հնչելու, Կենտրոն վարչական շրջանում վաղուց է հնչում, առանց նույնիսկ հայտարարելու: Եթե լսել եք քաղաքապետարանի աշտարակից հնչող ղողանջները, դրա նման է լինելու երաժշտությունը: Որ ասում են՝ համատարած քաղաքի բակերում լսվելու է, այդպես չէ: Ես անձամբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի շենքից մի քիչ եմ այն կողմ ապրում, երբեք չեմ լսել ձայնը, եթե շենքին շատ մոտ չեմ եղել:

Իհարկե, մենք պետք է փորձենք հաշվի առնել մեր բոլոր քաղաքացիների շահերը, որովհետև մարդիկ կան, որ գիշերային հերթափոխով են աշխատում և առավոտյան 6-ին են վերադառնում, այդ ժամին քնած են: Իհարկե, բոլորի հարմարավետությունն ապահովելը դժվար կլինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մանրիկյանը: 

Ավագանու անդամի կարծիքով՝ սա այն գլոբալ հարցը չէ, որը պետք է այսքան քննարկումների առիթ տար: Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ որոշումը հենց այդ նպատակով է կայացվել, որ մարդկանց ուշադրությունը շեղեն օրակարգային հարցերից, Մանրիկյանն արձագանքեց.

«Ես տեսել եմ տարբեր օգտատերերի գրառումներ, ինչ ասես, որ չեն գրում: Բայց եկեք սթափ նայենք, արդեն քանի տարի Երևանի գլխավոր աշտարակից յուրաքանչյուր ժամը մեկ այդ ղողանջները հնչում են, ընդ որում, շատ գեղեցիկ տոնայնությամբ:

Ես սա չեմ համարում քաղաքական օրակարգերից շեղելու թեմա: Սա քաղաքական թեմա չէ, այսքան շատ քննարկել արժեր, եթե, ասենք, որոշում լիներ, որ պետք է համատարած, բարձրախոսներով երաժշտություն հնչեր: Սա ինչ-որ հետաքրքիր լուծում է, նորամուծություն, որի լավ կամ վատ լինելը ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում՝ ես ինչ-որ բացասական ենթատեքստեր չեմ տեսնում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular