ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպես, ինչպես նշել են մեր տատիկներն ու պապիկները. Տավուշում կայացավ «Ջանգյուլում» ամենամյա փառատոնը (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Հանգստյան օրերին Նոյեմբերյանի Գուսանահովիտ կոչվող սարում երկրորդ անգամ կայացավ «Բերդավան» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ջանգյուլում» ամենամյա ավանդական փառատոնը: 

Փառատոնը կազմակերպվել էր տարածաշրջանի ավանդույթներին համապատասխան՝ «ամենաիսկական» ավանդական ձևով․ այնպես, ինչպես նշել են մեր տատիկներն ու պապիկները: 

«Անցած տարվանից հետո մեր ակընկալիքներն ու սպասելիքները կապված էին փառատոնին ավելի մեծ ճանաչելիություն տալու հետ։ Եթե անցած տարի մեր հիմնական հյուրերը Նոյեմբերյանի տարածաշրջանից էին, այս տարի՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքներից ու մայրաքաղաքից։ Հյուրեր ունեինք նաև Իրանից ու Չինաստանից։ Այսինքն, կարելի է ասել որ փառատոնը որոշ չափով ստացել էր նաև միջազգային ճանաչելիության բնույթ։ Մեր ակընկալիքները լիովին արդարացան:

Կարևորը նաև այն էր, որ փառատոնը, լինելով մշակութային ու ավանդական արժեքների վերականգնման ու տարածաշրջանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման միջոց, ծառայում էր նաև մեկ այլ նպատակի։ Փառատոնից հավաքված հասույթն ուղղվելու է Բերդավանի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգմանը»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում  է «Բերդավան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահրամ Աբովյանը:

Փառատոնի կազմակերպչական թիմն ամբողջությամբ կամավորներ են, աշխատանքն իրականացվել էր թիմային բաժանումներով՝ ավելի արդյունավետ լինելու համար:

Մասնակիցները երկու օր հնարավորություն ունեցան վայելելու միշտ սպասված ու սիրված տոնակատարությունը: Համերգային ծրագրեր, ծաղկահավաք, ջրահավաք, քայլարշավ, ազգային երգ ու պար, խաղեր, ձիավարություն, ջիպ-տուր, վարպետաց-դասեր, պարուսուցում, խարույկ, կիթառ, ավանդական ճաշատեսակներ և, իհարկե, վարդավառյան ջրոցի. ուրիշ էլ ի՞նչ է պետք առօրյա հոգսերից կտրվելու և ժամանակը լիարժեք վայելելու համար:

Պտղավանում բնակվող Գայանե Աբրահամյանն արդեն երկրորդ տարին է մասնակցում փառատոնին: Նշում է՝ ամեն ինչ անցավ հավուր պատշաճի.

«Նախորդ տարվա «Ջանգյուլում»-ն առաջին անգամվա համար շատ տպավորիչ էր, ոչինչ թերի չէր, իսկ այս տարի ամեն ինչ կատարյալ էր: Մարդիկ եկել են վայելելու այս հրաշք բնությունը, մաքուր օդը ու հրաշք միջավայրը, կարծես բոլորը հարազատ ու ծանոթ լինեն, շատերն էլ երկրորդ անգամ են գալիս: Ակնհայտ է, որ անձնակազմն ու կամավորները ահռելի և շատ պատասխանատու աշխատանք են անում: 

Հաջորդ տարվա համար պարզապես կուզեմ՝ բոլորը տեղում լինեն, համոզված եմ իրենք ավելին կարող են անել, նոր ու բովանդակալից գաղափարներ կլինեն»:

Գայանեն ցանկանում է, Վահրամը՝ խոստանում.

«Ամեն տարի ընդլայնելու ու մեծացնելու ենք «Ջանջյուլում» փառատոնի մասշտաբները և ներկայացնելու մեր ավանդական Վարդավառի գույները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular