Մեծ յոթնյակը» արգելքներ կդնի ռուսական ոսկու ներկրման հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» պետությունները արգելք կդնեն ռուսական ոսկու ներկրման հարցում:
«Մեծ յոթնյակը կհայտարարի, որ արգելում է ռուսական ոսկու ներկրումը, որի արտահանումը Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարների շահ է ապահովում», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Բայդենը։
Ավելի վաղ Independent-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Կանադան եւ Ճապոնիան կարգելեն ռուսական ոսկու ներկրումը, ուկրաինական հակամարտությանն ի պատասխան՝ ռուսական տնտեսությունը հաշմանդամ դարձնելու ջանքերի շրջանակում:
Քանի որ Լոնդոնը ոսկու առեւտրի հիմնական կենտրոնն է, ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները հսկայական ազդեցություն կունենան՝ պատերազմը ֆինանսավորելու նպատակով միջոցներ հայթայթելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարողության վրա:
Արգելք սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկման կդրվի առաջիկա շաբաթներին եւ կտարածվի նոր արդյունահանված կամ մշակված ոսկու վրա:
Օրենսդրությունը հետադարձ ուժ չունի եւ չի ազդում նախկինում Ռուսաստանի արտահանված ռուսական ծագման ոսկու վրա: