ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամաճիկի 100 օրը. քննադատում է ընդդիմությանը, մոռանում յուրայինների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող և այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով նշանակված Վահագն Խաչատուրյանը երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, մի քանի ուշագրավ դիտարկումներ հայտնել։ Խոսելով ընդդիմության վերաբերյալ՝ Վահագն Խաչատուրյանը դուրս է եկել սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից և քաղաքական բնույթի հայտարարություններ արել։

Մասնավորապես հայտարարել է, թե ինքը բաց է ընդդիմության հետ խոսակցության համար, բայց միաժամանակ քննադատել է ընդդիմությանը Ֆրանսիայի հրապարակում հնչած հռետորաբանության համար։ Իսկ, երբ հաղորդավարը նրան հարցրել է Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասին, Խաչատուրյանը հանկարծ հիշել է, որ ինքը հանրապետության նախագահն է և չի կարող մեկնաբանել նման երևույթը։

Փաստացի, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ևս զբաղվում է շարքային մանիպուլյացիայով և օրենքի ու սահմանադրության մասին հիշում միայն իրեն ձեռնտու պահերին, մնացած պարագաներում կրկնում իշխանության բոլոր թեզերը՝ մեղադրանքների սլաքները ուղղելով ընդդիմության վրա։

Ըստ էության, նախագահի պաշտոնում նշանակվելու ժամանակ, երբ ընդդիմությունն ու հանրության մի ստվար զանգվածը նշում էին, թե Վահագն Խաչատուրյանը չի կարողանալու կատարել Հայաստանի նախագահի պարտականությունները, այլ ընդամենը վերածվելու է Նիկոլ Փաշինյանի խամաճիկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ակնհայտ է դառնում արդեն նրա պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի ազատվի Արմեն Սարգսյանի ներկայությունից։ Դժգոհելով, որ նախագահի լիազորությունները բավարար չեն երկրի ներքին և արտաքին հարցերին միջամտելու, իր հեղինակությունը Հայաստանի համար լուրջ նախագծերում իրացնելու հարցում, Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։ Գործող իշխանությունները միջոցներ էին ձեռնարկել, որպեսզի նա չկարողանա ինքնաիրացվել։ Վահագն Խաչատուրյանը նման խնդիր չունի, նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի նշանակյալն է նախագահի պաշտոնում և իր գործողություններն էլ համադրում է բացառապես իշխանության քմահաճույքների հետ։ Իսկ ընդդիմությունը, բնականաբար, որևէ խոսելիք չի կարող ունենալ նման կատարածուի հետ։

Դավիթ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular