ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպեսզի երիտասարդները չլքեն իրենց համայնքները ժամանակակից կրթության համար. Հաղորտիում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում օրերս բացվեց «Մունք» տեխնոդպրոցը:

Արցախում Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից.

«Գաղափարը ծնվեց նրանից, որ պիտի գյուղերում և շրջաններում ապրող երիտասարդները ունենան նույն հնարավորությունները, ինչը պետք է ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու համար։ Եվ այն լուծում է մեկ կարևոր խնդիր՝ երիտասարդները չեն լքի իրենց համայնքները ժամանակակից կրթության համար և ստանալով կրթություն հենց Արցախում կնպաստեն իրենց համայնքների զարգացմանը։ 

Քանի որ տեխնոդպրոցը սպասարկելու է ողջ Մարտունու շրջանը, անհրաժեշտ էր աշխարհագրորեն ընտրել մի համայնք, որը կլիներ կենտրոնական մասում։ Ընտրություն կար Մուշկապատի և Հաղորտու միջև, բայց քանի որ Հաղորտու համայնքապետարանը տրամադրեց շինություն և կային պայմաններ, որոշվեց տեխնոդպրոցը կառուցել Հաղորտիում»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն, մաթեմատիկոս, ծրագրավորող Աշոտ Ավանեսյանը: 

Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևեց շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվեց նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրկնապատկել է «ռեԱրմենիա» հարթակում անցկացվող դրամահավաքի շրջանակում հանգանակած գումարները՝ մինչև 14 մլն դրամը ներառյալ.

«Նախագծով հետաքրքրվելու արդյունքում որոշել էի մեկ շաբաթ ապրել և աշխատել Հաղորտիում` միաժամանակ նկարելով տեխնոդպրոցի կառուցման ընթացքը` որպեսզի հոլովակների միջոցով կարողանամ նպաստել գումարը հավաքելուն։ Այսօրվա թվային աշխարհի մոդելը կոտրում է դասական մոտեցումները, և յուրաքանչյուրը, տեխնոլոգիական կրթության, նոր մասնագիտություն ձեռք բերելու շնորհիվ կարող է աշխատել իր գյուղից, իր տնից՝ առանց լքելու իր համայնքը։ «Մունք» տեխնոդպրոցի կառուցումը ծառայելու է հենց այդ նպատակին՝ ամրանալ, լինել մրցունակ աշխարհում՝ մնալով Արցախում և զարգացնելով այն»,- մեզ հետ զրույցում պատմում է արձակագիր,  ռեԱրմենիա համագործակցության հարթակում տեքստագիր Լիլիթ Հովհաննիսյանը:

Շենքն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։ Տեխնոդպրոցի գործարկումից հետո այն կկարողանան այցելել 100 երիտասարդներ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն.

«Տեխնոդպրոցը նպաստելու է, որ Մարտունու շրջանից ավելի շատ երիտասարդներ ձեռք բերեն ՏՏ հմտություններ,կայանան և աշխատեն հենց իրենց համայնքներում ՝ չլքելով այն։ Այն նպատակ ունի տալ որակյալ մասնագիտական կրթություն հենց Արցախում։ Տեխնոդպրոցի հիմնադրման առաջնահերթ նպատակը՝ համաշխարհային շուկային որակյալ կադրերով ապահովելն է։ Դրա շնորհիվ Արցախը ձեռք կբերի ճանաչելիություն, կստեղծվեն մի շարք ՏՏ ընկերություններ և նոր աշխատատեղեր։

Գյուղում կստեղծվեն IT ընկերություններ, կբացվեն նոր աշխատատեղեր, երիտասարդները չեն հեռանա գյուղերից և ակտիվ կյանք կվարվի գյուղում։ Ծրագրում ներառված են 4 մասնագիտություններ 14 ուղղվածությամբ։ Մասնագիտություններն են՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն և մարքեթինգ։ Ուսումնական տարվա սկզբից Մարտունու շրջանում կավելացնենք շահառու համայնքների թիվը և կսկսենք նախապատրաստվել նոր տեխնոդպրոցների հիմնադրմանը։ Հաջորդ մունքի բացման վայրը դեռ որոշված չէ, այս պահին երկրորդ «Մունքը» գործում է Ստեփանակերտում»,- նշում է Աշոտ Ավանեսյանը։ 

Հավելենք, որ «Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Մինչ օրս հիմնադրամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաների։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular