ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանը բոլոր ռեժիմների օրոք աչքի է ընկել նման «պրոֆեսիոնալիզմով». Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը երեկ գաղտնի ձայնագրություն հրապարակեց ու հայտարարեց, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։ Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացվի, եթե նա հրաժարական տա։
 
Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս ձայնագրությունը ցույց տվեց, թե ինչ բարքեր են տիրում այսպես կոչված փաշինյանական նոր Հայաստանում, ինչ մեխանիզմներով են կադրային նշանակումներ արվում և որքանով է իրավական համակարգը անկախ.

«Բացահայտ ձևով ասվում է, որ Գագիկ Ջհանգիրյանի վերադարձը բարձրագույն պաշտոններ՝ պայմանավորված է քաղաքական ղեկավարության կամ գործադիր իշխանության ցանկությամբ՝ կանխել քաղաքական հակառակորդների առաջխաղացումը քաղաքական ոլորտում, այդ թվում՝ նաև իշխանությունը վերցնելու հարցում, քաղաքական հաշվեհարդար տեսնել, պատժամիջոցներ կիրառել հակառակորդների նկատմամբ: Այդ համատեքստում որոշակի բնութագրումներով հնչում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը: Ակնհայտ է, որ եթե կարգապահական վարույթը տարվում է, պետք է լինի ոչ թե Ռուբեն Վարդազարյանի, այլ հենց Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ով դարձել է քաղաքական ղեկավարության դատական գործիքը, պատվեր կատարողը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Ջհանգիրյանի դեպքում սա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ նա բավականին հարուստ փորձ ունի այդ առումով, թերևս բոլոր ռեժիմների օրոք աչքի է ընկել նման «պրոֆեսիոնալիզմով».

«Բավական է աչքի անցկացնել 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի մամուլը՝ համոզվելու համար, թե ինչով էր զբաղված այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը: Հենց նա է համարվում Հայաստանում ընտրակեղծարարության մեխանիզմների կնքահայրը: Այս ձայնագրությունն ընդամենը արձանագրեց այն բոլոր կասկածները, որոնք կային ներկայիս իշխանական համակարգի վերաբերյալ և բոլորս հասկացանք, որ հեղափոխություն կոչեցյալ պրոցեսից հետո Հայաստանում ամեն ինչ ավելի է վատացել:

Պարզ է, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ էլ քաղաքական է հետապնդումը, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը ընդդիմադիր շարժման ընթացքում վերջնականապես հասկացավ, որ բավականին թույլ դիրքեր ունի, և իր միակ հույսը ուժային կառույցներն են: Մենք տեսանք, որ Ոստիկանությունն ամբողջովին զբաղված է մեկ անձի պահպանությամբ, քննչական երկու կոմիտեներում Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր համար վստահելի և իրեն պարտական մարդկանց, հիմա դատախազ նշանակում է նույնպես իր ձեռքին նայող մի աղջկա, իսկ դատական համակարգը, քանի դեռ այնտեղ կա Ռուբեն Վարդազարյանը, դժվար է ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: Հիմա փորձ է արվում ամբողջովին վերահսկողության տակ վերցնել նաև դատական համակարգը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular