ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավաքականի առաջընթացը համարժեք չէ այն բարձր աշխատավարձին, որ ստանում է իսպանացի մասնագետը

ՍՊՈՐՏ

Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշարի սկզբում Հայաստանի հավաքականի խաղը, կարծես, այնքան էլ վատ չէր, բայց վերջին երեք հանդիպումներին մեղմ ասած, հաջող չէ։ Որո՞նք են պատճառները, հիմնական թերությունները.  1or.am-ը փորձել է պարզել մարզական մեկնաբան-վերլուծաբան Արման Աբելյանի հետ զրույցում.

«Մենք Ազգերի լիգայի C լիգայից բարձրացել էինք B լիգա ու ի սկզբանե էլ պարզ էր, որ շատ բարդ հանդիպումներ ենք ունենալու հատկապես Ուկրաինայի և Շոտլանդիայի դեմ․ այդպես էլ եղավ: Լիովին ձախողված է եղել 4 խաղերից միայն 1-ը՝ Շոտլանդիայի դեմ արտագնա մրցավեճը, որում պարտվեցինք 0-2 հաշվով, բայց կարող էր շատ ավելի խոշոր հաշիվ գրանցվել: Այդտեղ հիմնական պատճառն այն էր, որ Կապառոսը զարմանալիորեն ռոտացիայի չէր դիմել, և ֆուտբոլիստները հոգնած տեսք ունեին: Կապառոսը հաջորդ 2 հանդիպումներում ակտիվ ռոտացիայի դիմեց, մենք բավականին լավ առաջին կեսեր անցկացրինք թե՛ Ուկրաինայի դեմ դրսում, թե՛ Շոտլանդիայի դեմ տանը և արժանի չէինք խոշոր հաշվով պարտությունների:

Պետք է հասկանանք, որ այս խմբում մեզ համար լավ արդյունք կլինի առավելագույնը 3-րդ տեղը զբաղեցնելը: Շոտլանդիան և Ուկրաինան բարձրակարգ ֆուտբոլիստներով են համալրված, կազմի մեծ ռեսուրս ունեն, Իռլանդիան շատ ամուր թիմ է և Երևանում պարտվեց ավելի շատ եղանակի պատճառով, նրանք շոգին չհարմարվեցին, իսկ մենք երկրորդ կեսում դրանից շռայլորեն օգտվեցին: Թիմերը 10 օրում 4-ական խաղ անցկացրին․ հենց այստեղ է երևում մեծ ու խորը կազմ ունենալու կարևորությունը: Մեր մրցակիցները ռոտացիայի էին դիմում՝ գրեթե առանց որակական կորստի, մինչդեռ մենք մի քանի խաղային դիրքերում, ցավոք, չունեինք հավարասազոր գոնե 2 ֆուտբոլիստների»:

Անդրադառնալով վերջին հանդիպումներին մեր հավաքականի ցուցադրած խաղում Կապառոսի «մեղքի բաժնին», վերլուծաբանը նշեց.

«Կապառոսի աշխատանքում սկզբում դինամիկան լավն էր՝ մենք մի պահ 9 խաղ անընդմեջ անպարտելի էինք (ներառյալ հաղթանակն Ազգերի լիգայի C լիգայի մեր խմբում), դա մեծ կայունություն է մեր կարգի հավաքականի համար, բայց հետո խնդիրներ առաջացան․ մեր հավաքականից շատերն Աշխարհի առաջնության ուղեգրի նվաճում էին սպասում, մինչդեռ դա իրատեսական չէր, ֆուտբոլիստներն էլ ճնշմանը չդիմացան: Կապառոսին չհաջողվեց նաև հասնել նրան, որ Հենրիխ Մխիթարյանն իրեն առավելագույնս լավ դրսևորի հավաքականում: Նաև կարևոր է այն, որ եթե անցյալում Կապառոսը շատ լավ էր ազդում խաղի ընթացքի վրա՝ կատարելով դիպուկ փոփոխություններ, ապա վերջին 7-8 հանդիպումներում գրեթե չի եղել խաղ, երբ նրան հաջողվի ինչպես հարկն է փոխել հանդիպման ընթացքը:

Բայց նշեմ, որ Շոտլանդիայի դեմ վերջին հանդիպումը մի փոքր փոխեց ընդհանուր տպավորությունը․ Հայաստանի հավաքականը չէր սեղմվել դարպասին և անընդհատ պաշտպանվում էր, այլ համարձակ էր գործում՝ հատվածաբար պրեսինգի դիմում, գնդակ վերահսկում, ու դա այն էր, ինչ վերջին շրջանում չէր ցուցադրում Կապառոսի Հայաստանի հավաքականը: Ցավոք, կարմիր քարտն ամեն ինչ խառնեց իրար: Վերջին շրջանում կարմիր քարտերի առատությունը մտահոգություն է առաջացնում: Շատ ավելի վատ է այն, որ մեր ֆուտբոլիստները վերջին խաղերի բազմաթիվ հակագրոհների ժամանակ հաճախ էին տարվում անհատական խաղով, միմյանց կարծես չնկատում ու վճռորոշ պահերին չփոխանցում գնդակը․ սա խնդիր է, որ չկար Կապառոսի օրոք առաջին հանդիպումներում:

Կապառոսի պայմանագրի ժամկետը սպառվում է սեպտեմբերյան 2 խաղերից հետո: Նա, կարծում եմ, հավաքականին տվել է որոշակի առաջընթաց, որոշ չափով նաև սերնդափոխություն կատարել, կազմին թարմություն հաղորդել, թեև նաև ՀՖՖ-ի լավ աշխատանքն է դրան նպաստել: Բայց այդ առաջընթացը համարժեք չէ այն բարձր աշխատավարձին, որ ստանում է իսպանացի մասնագետը: Եթե իրատեսորեն նայենք, մեր հավաքականն այսօրվա ռեսուրսներով պատրաստ չէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում հայտնվել, ուստի ավելի լավ է՝ այդ գումարներն օգտագործվեն ֆուտբոլի զարգացման այլ ուղղություններում: Իսկ եթե հարցին ավելի գլոբալ նայենք, ֆուտբոլային բոլոր կողմերը, հատկապես՝ ֆեդերացիան (շատ է կենտրոնացել ազգային հավաքականի վրա), մի փոքր պետք է կտրվեն ազգային հավաքականի թեմաներից և մեր ֆուտբոլի հետ կապված այլ ուղղությունների մեծ ուշադրություն դարձնեն, որովհետև մեզ մոտ թե՛ ֆուտբոլի մասսայականացման, թե՛ մանկապատանեկան ֆուտբոլում աշխատանքի կազմակերպման, թե՛ ակումբային ֆուտբոլում գործունեության առումով բացթողումները շատ են»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular