ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ դրանց ամենավառ ապացույցը օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրն է, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններով անընդունելի համարեցինք, իսկ ՀՀ իշխանությունները չմիացան մեր պատրաստած հայտարարությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարության մասին հարցին, որում նա պնդել էր, որ հետևողական են լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում։

«Ամեն ինչ շատ պարզ է՝ այն քաղաքականությանը, որ առաջ են տանում Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանը չի հակադարձում․ և մեր պայքարը հենց դրա համար է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման դանդաղմանը, ինչը փորձում են արագացնել Թուրքիան ու Ադրբեջանը, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ եթե Շարժումը սկսված չլիներ՝ հիմա շատ վատ վիճակի մեջ կլինեինք։

«Վստահ եմ, որ հիմա կան նաև արդեն պատրաստված փաստաթղթեր, բայց ժողովուրդը փողոց դուրս գալով մասնակի կասեցրել է այդ պրոցեսը։ Բայց որպեսզի պրոցեսը դարձնենք անշրջելի՝ պետք է հեռացնենք այն իշխանությանը, ով չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահերը․ սա է մեր նպատակը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Չգիտեմ որքան է հավաստի, որ Նիկոլը ՀԱՊԿ-ից զորք է խնդրել Հայաստանի ներքին զարգացումները ճնշելու համար․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Չգիտեմ՝ դա որքան է հավաստի, բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ դա մեր պետության ներքին գործն է, սա մեր ժողովրդի պայքարն է և մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ սա զուտ մաքուր հայկական, համաժողովրդական, հանուն Արցախի ու Հայաստանի պայքար է։ Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարբեր շահերի մանրադրամ, մենք դա թույլ չենք տալու, որովհետև հիմա փողոցում ենք նաև հենց դա կանխելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ, հակառակ պաշտոնական տվյալների, միայն երեկ իրականում 600-700 քաղաքացի է բերման ենթարկվել․ Երևանի բաժիններում տեղ չի եղել և շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովյանի, Վաղարշապատի բաժիններ։

«Նիկոլը շատ է սիրում, չէ՞, «աննախադեպ» բառն օգտագործել, իրոք աննախադեպ է։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացվելու, որովհետև ՀՀ քաղաքացիները դուրս են եկել և գիտեն՝ ինչի համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գիտենք ինչ է կատարվում այն իշխանության հետ, որը կորցնում է լեգիտիմությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular