ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ
գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց «5165» ընդդիմադիր շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ա․ Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը: 

Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ Ա․Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին բավարարեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի խոսքով` սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է.

«Ավետիք Չալաբյանի գործը երևի նախնական գաղտնիք է պարունակում, ուստի ես բոլոր մանրամասներին ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ նման գործեր եղել են միշտ: Իմ նկատմամբ էլ են եղել հարուցված նման գործեր, հիմա էլ կա՝ իշխանության դեմ խոսելու համար: Այո՛, սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել:

Ես քաղաքական հետապնդում եմ համարում նույնիսկ սոցցանցերում կոնկրետ մարդկանց թիրախավորելը: Նույն բանը գրում եմ ես, դրանով կիսվում են իմ ընկերները, ովքեր ավելի քիչ լսարան ունեն, նրանց էջերը չեն արգելափակում, իմն արգելափակում են: Սա ի՞նչ է նշանակում, եթե խոսում ես իշխանության դեմ, իշխանության ֆեյքերն են հարձակվում, ընդդիմության դեմ՝ ընդդիմության ֆեյքերը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը: 

Իրավապաշտպանի խոսքով՝ մեր դատախազական համակարգն ընդամենը գործիք է ցանկացած իշխանության ձեռքում.

«Հենց այդ համակարգն է բերում այն ցավալի իրականությանը, որ ունենք այսօր: Քանի դեռ մեր իրավական համակարգն այսպիսին է, միշտ լինելու են նման դեպքեր. մեկին ծեծելու են, մյուսի նկատմամբ քրեական գործ են հարուցելու: Սա մերօրյա ընդդիմություն կոչվածի ծնած դատաիրավական համակարգն է, որը շուռ է եկել հենց իրենց դեմ՝ իշխանության թողտվությամբ»:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular