ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը շտապում է հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Որքան Հայաստանը դիվանագիտական առումով փորձում է զիջումների գնալ, այնքան Ադրբեջանը կարծրացնում է իր դիրքորոշումը, 1or.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Վերջինիս խոսքով՝ այս զարգացումները տեղի են ունենում հետաքրքիր ֆոնի վրա.

«Նախ Ադրբեջանի նախագահն ասում է, թե ինչպես են իրենք պատկերացնում սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ իրենց կողմից հորինված, 1918 թվականին գոյություն ունեցող սահմաններով, որ իբր Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական հողեր են: Հետո մեր արտգործնախարարը փորձում է կատակել, թե կարող ենք նաև մթա քարտեզների հիման վրա կատարել սահմանազատումը, որին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է, թե հումորի տեղն ու ժամանակը չէ:

Դրան հետևեց նաև «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը, որ Ադրբեջանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել Հայաստանն աշխարհի հետ կապող ճանապարհները` հարավում` Իրանի հետ, հյուսիսում` Վրաստանի, չնայած, որ 20-ական թվականներին ոչ մի անկլավ Հայաստանի տարածքում չի եղել և ոչ մի իրավական հիմք չկա դրանց վերաբերյալ` բացի կոլխոզի ու սովխոզների ներքին որոշումները: 

Եվ ահա այս ամբողջ ֆոնի վրա Դուշանբեում կայանում է հանդիպումը, որտեղ կրկին շեշտվում է, որ պետք է արագացնել սահմանագծման, սահմանազատման գործընթացը: Դրան ուղղակիորեն զուգահեռաբար ընթանում է մեր վարչապետի այցը Նիդերլանդներ, ինչպես նաև Էնթոնի Բլինքենի զանգը  Բաքու, որով նորից գործընթացն արագացնելու կոչ-հորդոր է արվում: 

Այս ամենն անալիզի ենթարկելով՝ ես միայն մի եզրահանգման կարող եմ գալ. հավաքական Արևմուտքը շտապում է Հարավային Կովկասում հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները, որոնք տարանցիկ են և կարող են Արևմուտքի համար ապահովել որոշակի այլընտրանք ռուսական գազի ու նավթի: 

Այս մասին է վկայում նաև վարչապետի և Նիդերլանդների արտգործնախարարի ջերմ հանդիպումը, ով խրախուսեց ԱԺ-ում Փաշինյանի ելույթը` կապված Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ` ասելով, որ պատրաստակամ է ամեն ինչ անել` այդ գործում օգտակար լինելու համար: Դրան ի պատասխան հայկական կողմն ասաց, որ կարող է գնալ այդ կտրուկ քայլերին, եթե միջազգային հանրության կողմից աջակցություն ունենան»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular