ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) և այլ հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներն են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն»,- ասել է Խալաֆովը:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ այդ տարածքները ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և պետք է հիշել նաև իրավական հիմքերը, թե երբ և ինչ հանգամանքներում են այդ անկլավներն ընդհանրապես առաջացել.

«Եթե մենք հայացք նետենք, օրինակ, 20-ական թվականների Խորհրդային միության քարտեզներին, մենք չենք տեսնի, այդ անկլավները Հայաստանի տարածքի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ դա ադրբեջանական՝ մեր սողացող հողերը գողանալու քաղաքականության արդյունք է: Այն ժամանակ տարբեր պատճառաբանություններով, իրենց արոտավայրերի անվան տակ նրանք կտոր-կտոր Հայաստանից տարածքներ են առանձնացրել: Մենք  նաև ունենք այն փաստը, որ այդ տարածքները գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա՝ Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին և Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհները: ՀՀ շահերի տեսանկյունից անհանդուրժելի է այդ ճանապարհների վրա այսպես կոչված «ադրբեջանական պոստեր»-ի հայտնվելը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը: 

Անդրադառնալով այս հարցում հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ մեր հարցադրմանը՝ Այվազյանը նշեց.

«Մեր անվտանգության քարտուղարը մոտավորապես հնչեցրեց հայկական կողմի մոտեցումը, որ անկլավները, որոնք գրավել է Ադրբեջանը, մնում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, իսկ մեր ազատագրած անկլավները՝ մեր վերահսկողության: Հարկ եմ համարում շեշտել նաև, որ Ադրբեջանն Արծվաշենը կամ, ինչպես իրենք են կոչում Բաշքյանդ ենթաշրջանը, վերադարձնելու մտադրություն չունի: Այնպես որ սահմանագծում և սահմանազատում ադրբեջանական 18 թվականի քարտեզներով, որոնք իրենք հորինել են, որ Երևանն էլ է ադրբեջանական, կարծում եմ՝ հայ ժողովրդի մեծամասնության համար անընդունելի է: Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի: Մեզնից կախված է միայն առավելագույն չափով պատրաստ լինել դրան»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular