ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենքը կարող է լինել ժամանակավոր լուծում. Անի Սամսոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը: 

1or.am-ը Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ ինչ ռիսկեր են պարունակում այս բարեփոխումները, որոնք են դրական և բացասական կողմերը:

«ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում ստեղծված ճգնաժամային իրավիճակները ցույց տվեցին, որ համայնքը կարող է տուժել, եթե քաղաքական կամ այլ պատճառներով նորընտիր ավագանին չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Սա խնդիր է, որովհետև համայնքի սեփական լիազորությունների իրացումը դառնում է անհնար, իսկ սեփական լիազորություններից՝ պարտադիր լիազորությունները առաջնային են համայնքի բնականոն կյանքը ապահովելու հարցում։ Պարտադիր լիազորություններում համայնքի ղեկավարը ունի էական դերակատարում իրեն վերապահված որոշումների շրջանակներում, օրինակ՝ բյուջետային հարցեր, գնումներ, կոմունալ, կառուցապատման խնդիրներ և այլն։ Սրա վառ օրինակը Վանաձորն է, որտեղ դատական ընթացիկ գործընթացների պատճառով ավագանու նիստերի գումարումը կասեցված է, և քաղաքը չունի ղեկավար, որի պատճառով համայնքի բազմաթիվ խնդիրներ մնացել են չլուծված և հետևաբար, չեն պաշտպանվում համայնքի բնակչության շահերը։ Այս տեսանկյունից, նոր օրենքը կարող է լինել ժամանակավոր լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամսոնյանը:

Մեր դիտարկմանը՝ թե կարծիք կա, որ օրենքը ընդունվել է, հենց Վանաձորի համար, որպեսզի այնտեղ Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, մեր զրուցակիցը արձագանքեց.

«Այս օրենքը միայն Վանաձորի համար չէ, պարզապես իրավիճակը առավել ճգնաժամային է հենց այստեղ։ Երբ դատական վեճերն ավարտվեն, ավագանին օրենքով սահմանված կարգով նիստ է գումարելու և ընտրելու է քաղաքապետ։ Եթե Մամիկոն Ասլանյանը ունի մեծամասնության ձայները նոր ձևավորված ավագանիում, ապա կընտրվի քաղաքապետ»։

Սամսոնյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը գոնե չլիներ ավագանու կազմից.

«Ինչպես գիտեք, վերջին փոփոխությունների համաձայն` չեղարկվեց ՏԻՄ օրենքով սահմանված այն արգելքը, որ ավագանու անդամը չի կարող միաժամանակ լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։ Համայնքի ղեկավարին ընտրում է ավագանին իր կազմից, իսկ այս դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվում ավագանու կազմից, բայց վարչապետի որոշմամբ։ Սա անուղղակիորեն բացասական ներգործություն է ունենալու ավագանու ազատ կամարտահայտման և ընտրության վրա։ Այսինքն՝ վարչապետը որոշում է, ով ժամանակավորապես կղեկավարի քաղաքը և հետագայում, ավագանին, եթե չունի բավարար քաղաքական անկախություն, հակված է լինելու ընտրել վարչապետի որոշմամբ նշանակված թեկնածուին։ Իսկ ժամանակավոր պաշտոնակատարը, բնականաբար, այդ ընթացքում օգտագործելու է վարչական և քաղաքական լծակներ՝ ավագանու վրա ուղղակիորեն ներգործելու և նրանց քվեն ստանալու համար»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular