Վաղվանից Նոյեմբերյանում կգործի ներհամայնքային երթուղային ծառայություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղվանից Նոյեմբերյան խոշորացված համայնքի ողջ տարածքում կգործի ներհամայնքային երթուղային ծառայություն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, 2 անգամյա գրաֆիկով:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է համայնքի միջոցներով: Երթուղում շահագործվող ըրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ 2016-2022 թվականներին USID-ի օժանդակությամբ իրականացվող համայնքների հզորացման ծրագրով, որով հենց նախատեսված էր երթուղիների բացումը:
Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանի խոսքով՝ ընտրվելուց հետո իրենց առաջնային նպատակներից մեկը հենց համայնքում հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելն է եղել.
«Բնակիչները հնարավորություն կունենան անմիջական կապ հաստատելու համայնքի կենտրոնի հետ՝ իրենց սոցիալ-տնտեսական, աշխատանքային խնդիրները կարգավորելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Բուդաղյանը:
Երթուղին կգործի երկու ուղղություններով՝ Դովեղ-Բարեկամավան և Նոյեմբերյան-Դեբեդավան, երթուղիների մեկնարկը՝ առավոտյան 8-ին և կեսօրին՝ 15:00-ին, իսկ ետադարձը՝ 10:00-ին և 17:00-ին, ուղեվարձը՝ 200 դրամ՝ անկախ բնակավայրից:
Մարիամ Նալբանդյան