ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթելու, արվեստի նկատմամբ սեր առաջացնելու ակնկալիքներով. բացվել է Գալյա Նովենցի անունը կրող թատերական դպրոցը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սիրված լեգենդար դերասանուհի Գալյա Նովենցի թոռնուհին՝ Մարիամ Ղազանչյանը, տատիկի անունը կրող թատերական դպրոց է հիմնել.

«Գաղափարը վաղուց կար, բայց ինչ-որ մի բան անընդհատ չէր թողնում որ իրականացնեմ: Մի օր արթնացա ու հասկացա, որ պահը հասունացել է, և անցա գործի: Չգիտեմ, երևի հիմա էր ճիշտ ժամանակը»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է Մարիամը:

Դպրոցի ծրագիրը մշակվել է ամիսներ շարունակ և նախատեսված է 14 տարեկան և բարձր երիտասարդների համար, նրանց համար, ովքեր պատրաստվում են ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կամ նրանց համար, ովքեր պարզապես ուզում են ավելի մոտիկից ծանոթանալ պրոֆեսիոնալ թատրոնին, թատերական կյանքին: Դպրոցում ուսման տևողությունը մեկ տարի է:

«Չեմ ցանկանում համեմատություններ կատարել թատերական այլ դպրոցների հետ, միայն վստահ կարող եմ ասել, որ մենք շատ բան ունենք տալու այսօրվա լուսավոր և խելացի սերնդին և բացի դրանից այն, որ դպրոցը կրում է տատիկիս` լեգենդար Գալյա Նովենցի անունը, կարծում եմ արդեն շատ բան է ասում մեր անելիքների և մոտեցման մասին»,- նշում է դերասանուհին:

Մարիամի խոսքով` նորաբաց դպրոցի նպատակն է ամուր հիմք դնել ռեժիսորի և դերասանի ապագա գործունեության համար, կրթել, սեր առաջացնել արվեստի նկատմամբ, ձևավորել ազատ և գրագետ միտք, բացահայտել և ցույց տալ ճիշտ ճանապարհը.
 
«Վստահորեն կարող եմ ասել, որ նա, ով կուսանի այս դպրոցում, նորովի կբացահայտի իրեն, ձեռք բերելով գիտելիքի լուրջ պաշար և պրոֆեսիոնալ մտածողություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պրոֆեսիոնալ թիմին՝ ինձ հետ այս բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի ճանապարհը անցնելու համար»,- եզրափակեց դերասանուհին։
 
Հիշեցնենք, որ այս տարի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը Մարիամ Ղազանչյանն արժանացել էր «Լավագույն դերասանուհի» կոչմանը՝ «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular