ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերակենդանացնել մեռած կառույցը․ ԵԱՀԿ ՄԽ-ն նոր կռվան Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները սկսում են աշխատել։ Վերլուծաբաններն այսպես են մեկնաբանում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել։ Դրանցում ասվում է, որ Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Ըստ էության, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարող ենք նշել, որ Արևմուտքը փորձում է լիակատար ձևով իր ձեռքը վերցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իհարկե, ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ՝ Բրիս Ռոքֆոյի այցից հետո, այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե իրենք լիարժեք հաստատակամ են՝ կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի իրենց պարտականությունները։

Ուշ երեկոյան էլ նույնպիսի մի հայտարարություն տարածեց Միացյալ Նահանգները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վախճանի մասին Սերգեյ Լավրովի հայտարարություններին, նշել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:

Արձանագրելով նույն կերպ մտածող գործընկերների հետ, փաստացի, նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել համանախագահող երկրներից Ֆրանսիայի, կամ Արևմտյան երկրների, բայց ոչ Ռուսաստանի հետ։ Այսինքն Սերգեյ Լավրովը բոլորովին իզուր չէր նշում, որ Արևմտյան երկու երկրները հրաժարվում են իրենց հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մի կողմից Հայաստանի իշխանությունները փորձում են վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մյուս կողմից ուղիղ կապեր են հաստատում Ադրբեջանի հետ և, իհարկե, ընդդիմությունը և հանրությունը կարող է ունենալ լուրջ հակասություններ այս հարցում, քանի որ Արևմտյան երկրների բուն ներգրավվածությունը և շահագրգռվածությունը երբեք էլ Հայաստանի Հանրապետության օգտին չի եղել։ Շատերը կարող են հակառակը պնդել, իբր Ֆրանսիան գործում է Հայաստանի օգտին, բնավ, սակայն հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիան հայտարարություններից բացի, որևէ այլ բանի չգնաց, իսկ ապրիլի 24-ին ցեղասպանության օրը նախանշված ընտրությունների երկրորդ փուլը Մակրոնին անհրաժեշտ է ընտրվելու համար, և, ըստ էության, մինչև առնվազն այդ օրը, կշարունակեն սիրաշահել հայկական կողմին և հայ հանրությանը։ Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Արևմուտքը մեր տարածաշրջանից կփորձի դուրս մղել Ռուսաստանին և, հաջողելու դեպքում, տարածաշրջանում առաջատարի դիրքերը կզբաղեցնի Թուրքիան։ 

Ռուբեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular