ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատել՝ հերքելով․ ԵԱՀԿ ՄԽ-ն վերակենդանացնում են, գործընթացը՝ թաղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից փորձում են հերքել Սերգեյ Լավրովի հայտարարությունը, մյուս կողմից՝ իրենց իսկ գործողություններով հաստատում դրանց իսկությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, փաստացի, այլևս գոյություն չունի։ Լավրովի հայտարարությունից հետո, Երևան է շտապել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ՝ Բրիս Ռոքֆոյը։ Նա Երևանում հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանին։

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները, նաև ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը։ Ամեն ինչ կարելի է ներկայացնել այլ հունով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը իրականում գոյություն ունի, և Հայաստանի գործող իշխանությունները կարողացել են վերակենդանացնել։ Սակայն այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությանը հետևեց հաջորդ պաշտոնական հաղորդագրությունը, թե Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։

Աղքատիկ հայտարարության մեջ ընդամենը նշվում էր, թե նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների շուրջ։ Արձանագրելով, որ ուղիղ շփումն ամեն դեպքում ողջունելի է, հարկ ենք համարում նշել, որ այսպիսի ուղիղ շփումներ տասնամյակներ շարունակ հազվադեպ են եղել, և Հայաստանի ու Ադրբեջանի նախարարներն իրականում գոնե պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով հարաբերվել են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մասնակցությամբ։

Ըստ էության, այս հայտարարությունը ընդամենը վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, Բաքուն կարողացել է ստանալ իր ցանկացածը և չեզոքացնում է Հայաստանի բոլոր հնարավորությունները։ Այդ մասին արձանագրել է անգամ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ այս պահից սկսած գոյություն ունի բանակցային նոր ձևաչափ։ Բաքվին հաջողվել է չեզոքացնել իր համար անցանկալի զարգացումներն ու անցնել բանակցությունների։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման շուրջ հայտարարությունները, Հայաստանի գործող իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ընդամենը օգտագործելու են ժամանակ շահելու, հանրության աչքին հերթական անգամ թոզ փչելու համար։ 

Նարեկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular