ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն ինքնակազմակերպվում է․ փրկության բանալին Ստեփանակերտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Արցախում տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա հայտարարել, որ ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է փոփոխություններ իրականացնեն պետական կառավարման համակարգում։

«Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից»,- սրտնեղել է Արայիկ Հարությունյանը և նշել, թե անհրաժեշտություն կա կառավարման օրակարգում որոշակի փոփոխություններ իրականացնել։

Փաստացի, առաջիկայում քաղաքական ուժերի հետ քննարկումներ են սկսվելու միասնական քաղաքական օրակարգ ձևակերպելու ուղղությամբ, որը նախ և առաջ հիմնված կլինի արդեն Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերից։

«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն, բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին, կուռ միասնություն, ուստի հորդորս է նաև կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին, թև ու թիկունք կանգնենք միմյանց, որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի իշխանական քարոզչամեքենան վերջին շրջանում հատկապես ակտիվ է արձագանքում Արցախի իշխանությունների և ընդդիմության այս բավական ջերմ և լուրջ համագործակցությանը, որը ոչ միայն Արցախի փրկության բանալին է, այլ նաև հնարավորություն` իշխանափոխություն իրականացնելու Հայաստանում։ Ըստ էության, Արցախում հասկացել են, որ այլևս Հայաստանի վրա հույս դնել իմաստ չունի, հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ միասին դուրս գալու ստեղծված ծանրագույն իրավիճակից։

Անվտանգության հարցերի փորձագետ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ինքն էլ է նշում, որ Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Արցախի քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն։ Անկախ ՀՀ-ի օրվա վարած քաղաքականությունից, Արցախի ներսում լուրջ փոփոխություններ անելու և իրավիճակ փոխելու ռեսուրս կա։ Խոսքը ոչ թե առաջնային կադրային տեղաշարժերի մասին է, որի կարիքը ևս կա, այլ հանրային կյանքում հրատապ խնդիրների պետական բյուջեով նախատեսված ծրագրերում, լուրջ վերանայումների մասին է,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը։

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո, թերևս կարելի է ենթադրել, որ Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բավական ագրեսիվ և կոշտ կարձագանքեն։ Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը։

Արմեն Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular