ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ընդունել է Թուրքիայի հրավերը․ Չավուշօղլուն հրավիրում է ֆորումի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացում բանագնաց Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվաագիտական ֆորումին։ Տեղեկությունը, ինչպես արդեն սովորույթ է դարձել, հայ հանրությունն իմանում է թուրք պաշտոնյաներից։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
 
«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Փաշինյանն ասել է, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանը՝ իրենը»,- ասել է Չավուշօղլուն։
 
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Չավուշօղլուն ասել է. «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահության մակարդակը բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումն անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է, հյուրընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար էլ նրանց շնորհակալ ենք: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին էլ կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ ու որտեղ կլինի»:
 
Հայաստանի իշխանությունները հաստատել էին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, նշել, թե մեծ հավանականությամբ կմասնակցեն, սակայն մինչ երեկ վերջնական հաստատում չկար։ Ավելին, Ռուբինյանի անունն առաջին անգամ շրջանառել է հենց Թուրքիայի ԱԳ նախարարը։ Չի բացառվում, որ Անթալիայում էլ հընթացս կայանա Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը։ Տարօրինակն, իհարկե, տեղեկատվությունն ամեն գնով հանրությունից թաքցնելու ՀՀ իշխանությունների մոլուցքն է։ Չկա գեթ մեկ դեպք, երբ կենսական և նուրբ հարցերում գործող վարչախումբը նախաձեռնողականություն ցուցաբերի և առաջինը տեղեկացնի իրողությունների մասին։ Բոլոր դեպքերում մենք առաջին տեղեկությունը ստանում ենք Թուրքիայից կամ Ադրբեջանից, իսկ ԱԳՆ-ն կամ մյուս պատկան մարմինները դժկամորեն հաստատում են։ Հետո էլ զարմանում են, թե ինչու է հանրությունը կասկածում իրենց յուրաքանչյուր խոսքի։
 
Ներսես Ավետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular