ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժային կառույցների հակասությունները սրվում են ժամ առ ժամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախմբում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ տարբեր կառույցների հակասությունները սպառնում են վերաճել լուրջ ընդհարման։ Հայաստանի գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի միջև հակասություններն արդեն անցել են բացահայտ փուլ, իսկ երկու առանցքային կառույցներ չեն կարողանում իրար հետ պայմանավորվել կարևորագույն հարցերի շուրջ։ Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Դատախազությունը որևէ այլ մանրամասն չի հաղորդում։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության որոշումը գնահատում է անօրինական և չհիմնավորված:

«Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է», - նշում են կառույցից:

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հաղորդագրություն հրապարակեց՝ նշելով, թե նախկին ոստիկանապետին մեղադրում են 6 տարբեր հոդվածներով։ Դատախազությունն էլ հրաժարվել է գործն ուղարկել դատարան։ Իհարկե, երկու կառույցները կարող էին նստել, համադրել քրեական գործը, պայմանավորվել, թե ինչպես են ներկայացնելու այն դատարանում։ Փոխարենը գերատեսչություններն իրար հասցեի մեղադրանքներ են հնչեցնում։ Վլադիմիր Գասպարյանի գործն առաջինը չէ այս շղթայում։

Ավելի վաղ դատախազությունը վերացրել էր պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի դեմ քրգործ չհարուցելու ՀՔԾ որոշումը, գործն ուղարկել էր կրկին քննություն անցկացնելու։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործում էլ երևացին Հակակոռուպցիոն կոմիտեի և գխավոր դատախազության հակասությունները։ Դատախազությունը չէր հաստատել մեղադրանքը և հետ էր ուղարկել՝ լրացուցիչ քննության։ Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդարադատության կոչված երկու գերատեսչություն իրենց կեղտոտ լվացքը փռել են հանրության առջև՝ պատճառ դառնալով լուրջ դիմակայության։ Թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակի մասին, հայտնի չէ։

Ընդհանրապես, Փաշինյանը արդեն մի քանի տարի աչքի է ընկնում ոչ թե տարբեր կառույցների միջև աշխատանքը կանոնակարգելու, խնդիրները կարգավորելու, այլ, ընդհակառակը, հակասություններ առաջացնելու, ընդհարումներ հրահրելու ճանապարհով։ Թերևս, նրան թվում է, թե այդկերպ կկարողանա ամրապնդել իր անձնական իշխանությունը, մինչդեռ պետական համակարգում ծագող նմանօրինակ խնդիրները միայն խորացնում են իշխանության ներսում առկա ճգնաժամը և թուլացնում պետության ղեկավարի դիրքերը։

Արթուր Մաղաքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular