ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության վա՞խ, թե՞ մանրախնդրություն․ Արթուր Վանեցյանը չի մեկնի ԱՄՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խորհրդարանական պատվիրակության կազմում չի մեկնելու Միացյալ Նահանգներ։ Դեռևս հունվարի 10-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում էր ստորագրել ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին։ 11 հոգանոց պատվիրակության կազմում միայն չորսն էին պատգամավորներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանն ու Արթուր Վանեցյանը, մյուսները ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ են։ Վաշինգտոնում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ պիտի ունենար, սակայն իշխող ուժը կամայական և ապօրինի որոշում է կայացրել՝ սահմանափակել ընդդիմության միակ ներկայացուցչի մասնակցությունը ամենակարևոր հանդիպմանը։ Բանն այն է, որ Վաշինգտոնում պատվիրակությունը հանդիպելու է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին։

Որոշվել է, որ այդ հանդիպմանը մասնակցելու են Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱՄՆ-ում ՀՀ տխրահռչակ դեսպան Լիլիթ Մակունցը։ Ըստ էության, այս որոշմամբ, նսեմացվում է Հայաստանի ընդդիմության դերը, իսկ իշխանականները փորձում են վնասել ՀՀ միջազգային վարկին։ Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ:

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է համարում՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:

«Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու: Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն»,- նշել է Հակոբյանը:

Այդուհանդերձ, կարծում ենք, փաշինյանական պաշտոնյաների այս պահվածքն իրականում երկու պատճառ ունի։ Վախ է ընդդիմությունից, մտածում են, թե Արթուր Վանեցյանը կկարողանա ԱՄՆ-ում առավել լավ ու փաստարկված ներկայացնել ՀՀ շահերը՝ դրանով նսեմացնելով ալենսիմոնյանների ու լիլիթմակունցների դերը։ Նաև մանրախնդրություն է՝ հաշվի առնելով գործող իշխանությունների քինախնդիր վերաբերմունքը «Հայրենիք» կուսակցության նախագահի նկատմամբ։ Փաստացի, Արթուր Վանեցյանը միակ ճշմարիտ և արդարացի որոշումն է կայացրել՝ չմեկնել ԱՄՆ։

Լևոն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular