ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցությունները մեկնարկեցին․ հանրությանը պահում են անորոշության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըըչը։ Տևական հանդիպման վերաբերյալ երկու կողմերն էլ նույնպիսի խղճուկ և գրեթե ոչինչ չասող հաղորդագրությունն են տարածել, որևէ մանրամաս չեն նշել։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», - ասված է հայտարարություններում։

Նշվում է նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։ Փակ բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ հանդիպումն անցել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը, սակայն ռուսական կողմը հայ-թուրքական երկխոսությանը չի մասնակցել։ Տարօրինակ կերպով, հայ-թուրքական կարգավորման բանակցություններն անցնում են գրեթե բոլոր գերտերությունների բուռն աջակցության և գոհունակության ուղեկցությամբ։ Բանակցություններին իրենց աջակցության մասին են հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները։ Թե ինչ են զրուցել Ռուբինյանն ու Քըլըչը, հայկական կողմից երբեք չենք իմանա, լավագույն դեպքում թուրքական կողմը բարեհաճի մանրամասներ բացահայտել, սակայն դրանց էլ հավատալու որևէ պատեհություն չկա, Թուրքիան այս խաղում բացառապես իր շահերն է հետապնդում, հնարավորինս փորձում քաղել Հայաստանից։

Հայկական կողմը բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարում էր, թե պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ կապերը առանց նախապայմանների։ Առանց նախապայմանների բանակցելու մասին հայտարարություններ էին հնչում նաև Անկարայից, սակայն թուրքական իշխանություններն ու նրանց սպասարկուները անընդհատ հիշեցնում են Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու իրենց ակնկալիքների մասին։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը վերստին պնդել էր, թե «որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը»։

«Այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», - ասել էր Էրդողանը։ Նիկոլ Փաշինյանը, թերևս, դեմ չէ դրական հարաբերություններ հաստատել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Իլհամ Ալիևի հոխորտանքներին ու սպառնալիքներին նա շարունակում է պատասխանել «խաղաղության դարաշրջան» հաստատելու իր մտայնությամբ։ 

Գարիկ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular