Անցած գիշեր հակառակորդի որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են. Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք տապալվել են։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում: Հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում`տարբեր ուղղություններով։
Այսօրվա հարձակումները իրենց ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։
Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը։