Կյանքի գնով զինվորներին փրկած Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 29 տարեկան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 29 տարեկան: Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
Սասունցիների ընտանիքում մեծացած Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:
Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ Հովսեփն իրեն արթնացրել է ու ասել, որ գյուղից արագ դուրս բերի երեխաներին, իսկ ինքը նետվել է զորամաս` իր զինվորների կողքին լինելու: Երբ կինն ամուսնուն ասել է, որ իրեն օգնի, կապիտանը պատասխանել է, որ չի կարող: «Չէ, Մա՛ր, կներես, չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ: Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես: Ու գնաց»,- հարցազրույցներից մեկում պատմել է կապիտանի կինը:
Հովսեփ Կիրակոսյանը գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Տեսանյութն՝ այստեղ: