Փորձագետ․ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայի հետ սակարկում երկաթուղու հարցով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Ռուսաստանի հետ կնքված Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի թեմային, գրում է vfokuse.mail.ru-ն։ Infocom պորտալին տված հարցազրույցում նա նշել է, որ Երևանն ունի ոչ միայն մեխանիզմներ, այլ նաև բավարար իրավական հիմքեր ՌԵ-ի հետ պայմանագիրը դադարեցնելու համար, թեև հանրապետությունը չի ձգտում գնալ այդ ճանապարհով։ «Եթե մենք այսօր քաղաքական որոշում կայացնենք չեղարկելու կոնցեսիոն պայմանագիրը, ապա դրա համար իրավական հիմքեր կան։ Խնդիրը քաղաքական որոշման մեջ է»,- պարզաբանել է Փաշինյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Երևանը նախընտրում է «բարեկամական ճանապարհը»։ Հայաստանը Մոսկվային առաջարկում է կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար։ Ավելի վաղ նա նշել էր մոտ 400 միլիոն դոլարի չափով գումար և հայտարարել, որ դեմ չի լինի, եթե Ղազախստանը ձեռք բերի կոնցեսիան պայմանով, որ Ռուսաստանը համաձայնի։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թվականին 30 տարի ժամկետով։ Ներկայում ցանցը կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի (ՌԵ) դուստր ձեռնարկությունն է։ Փաշինյանը բազմիցս դժգոհել է, որ ռուսական կառավարումը «խոչընդոտում է Հայաստանի ինտեգրմանը միջազգային տրանսպորտային ուղիներին պատժամիջոցների հետ կապված ռիսկերի պատճառով»։ 2026 թվականի հուլիսին «Ռուսական երկաթուղիներ»-ի (ՌԵ) ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել էր, որ պայմանագրի պայմանների խախտման դեպքում ընկերությունը իրավունք կունենա հետ ստանալ իր ներդրումները։ Նրա խոսքով՝ 2008-2025 թվականներին ՌԵ–ի ամբողջ շահույթը վերաներդրվել է երկաթուղու զարգացման մեջ։ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը անհիմն է որակել Հայաստանի լրացուցիչ վճարումների պահանջը նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) ռուսական ընկերությանը պատկանող «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում արդեն իսկ ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրվել։
vfokuse.mail.ru-ին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը Փաշինյանի հայտարարությունները բնութագրել է որպես բանակցություններ սկսելու փորձ։ «Նա Մոսկվային հրավիրում է բանակցությունների, սակայն իր պայմաններով, կամ էլ իրեն աջակցող ուժերի պայմաններով։ Հնարավոր է, որ սա փորձ է՝«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը կապելու այլ խնդիրների հետ, օրինակ՝ ատոմակայանի կառուցման»,- նշել է նա։ Սեպտեմբերի 29-ին Փաշինյանը հանդիպել էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջարկները։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «վերջնական որոշումը հիմնված կլինի բացառապես տնտեսական նկատառումների վրա»։
Արեշևի կարծիքով սա Մոսկվային ազդեցության լծակ է տալիս. եթե Երևանը ցանկանում է պահպանել ռուսական մասնակցությունն իր միջուկային էներգետիկայի ոլորտում, ապա կարող է ավելի զիջողական դիրքորոշում որդեգրել երկաթուղու հարցում։ Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ ժամանակն աշխատում է Երևանի դեմ։ Հայաստանը փորձում է ինտեգրվել ձևավորվող արևմտյան տրանսպորտային նախագծերին սկսած TRIPP-ից մինչև թուրքական սահմանին գտնվող երկաթուղային հատվածի վերականգնումը։ Սակայն, եթե երկաթուղին մնա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման ներքո, ապա միջազգային գործընկերները կշրջանցեն Հայաստանը։ «Փաշինյանը հասկանում է դա և այդ պատճառով կրկին անդրադառնում է հարցին ակնկալելով, որ Կրեմլը ի վերջո երկաթուղու հետ կապված զիջումն ավելի քիչ ծախսատար կհամարի, քան հետագա սրացումը», — կարծիք է հայտնել նա։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է։ Երկաթուղու հետ կապված զիջումը տրանսպորտային ոլորտում Հայաստանի վրա ազդեցության սակավաթիվ լծակներից մեկն է։ Եթե Մոսկվան զիջի, ապա կկորցնի վերահսկողությունը Անդրկովկասյան առանցքային երթուղու նկատմամբ, որը Ռուսաստանը կապում է Իրանի և Պարսից ծոցի նավահանգիստների հետ։
«Փաշինյանը կրկին փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը, սակայն մենք նույնպես հաղթաթուղթ ունենք։ Բանակցությունների արդյունքը կախված է նրանից, թե որքան հմտորեն կխաղարկվի այդ խաղաքարտը», — եզրափակել է Արեշևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am